Երեքշաբթի, 3 Փետրվարի 2026 15:12

«Իզի Փեյ» ընկերության պաշտոնական հայտարարությունը հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ

«Իզի Փեյ» ընկերության պաշտոնական հայտարարությունը հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ

Արմինֆո. «Իզի Փեյ» (EasyPay) ընկերությունը, հավատարիմ մնալով թափանցիկության, պատասխանատվության և հանրային շահի առաջնայնության իր սկզբունքներին, անհրաժեշտ է համարում ներկայացնել իր դիրքորոշումը հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ, որն անմիջականորեն առնչվում է հարյուրհազարավոր քաղաքացիների ամենօրյա վճարային հարմարավետությանը։

Վերջին շրջանում «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ» և «Յուքոմ» ընկերությունների կողմից ներկայացված համագործակցության նոր պայմանները, մասնավորապես՝ միջնորդավճարների 40–50 տոկոսանոց կտրուկ կրճատման պահանջը, կրում են միակողմանի բնույթ և չեն համադրվում փոխշահավետ համագործակցության և տնտեսական հիմնավորվածության սկզբունքների հետ։

 

Միևնույն ժամանակ տեղեկատվական հոսքում նկատվում է մոտեցում, որի համաձայն՝ հեռահաղորդակցության ծառայությունները դիտարկվում են հանրային կարգավորման ներքո գործող կոմունալ ծառայություններին բնորոշ

տրամաբանությամբ։ Այս համատեքստում հարկ ենք համարում նշել, որ կոմունալ ծառայությունների սակագները սահմանվում են պետական կարգավորման մեխանիզմներով և գործում են մրցակցային դաշտից դուրս, մինչդեռ հեռահաղորդակցության օպերատորները մասնավոր բիզնես սուբյեկտներ են և գործունեություն են իրականացնում ազատ շուկայական և մրցակցային  պայմաններում։

 

EasyPay-ը ծառայությունների անվտանգությունն ու անխափանությունը ապահովում է շարունակական ներդրումների միջոցով՝ տեխնիկական հուսալիության, կիբերանվտանգության, ինքնասպասարկման տերմինալների սպասարկման, ինչպես նաև թվային և ֆիզիկական ենթակառուցվածքների արդյունավետ կառավարման ուղղություններով։ Նշված գործոնները վճարահաշվարկային ծառայությունների որակի ապահովման օբյեկտիվ բաղադրիչներ են և անմիջական ազդեցություն ունեն ծառայության ինքնարժեքի ձևավորման վրա։ Միաժամանակ վճարահաշվարկային ծառայությունների առանձնահատկությունները, մասնավորապես՝ հեռահաղորդակցության ոլորտում մանրադրամների մուտքագրմամբ ուղեկցվող գործարքների մեծ ծավալը և հետևաբար կանխիկ դրամական միջոցների ինտենսիվ

 

շրջանառությունը, պահանջում են գործառնական մեծ ռեսուրսներ, ինչը ևս պետք է հաշվառվի տնտեսական պայմանների ձևավորման ընթացքում։

Առաջարկվող միջնորդավճարների 40–50 տոկոսանոց կրճատումը չի համադրվում գործող ծախսային և գործառնական կառուցվածքի հետ և էական ազդեցություն ունի ծառայությունների կայուն և որակյալ մատուցման հնարավորությունների վրա։ EasyPay-ի կողմից ներկայացված կառուցողական և փոխզիջումային մոտեցումները, ցավոք, չեն ստացել համաձայնություն, ինչի արդյունքում հեռահաղորդակցության օպերատորների կողմից իրականացվել է պայմանագրային հարաբերությունների միակողմանի դադարեցում։

Ստեղծված իրավիճակը կարող է սահմանափակել Հայաստանի տարբեր համայնքներում բնակվող օգտատերերի համար EasyPay-ի ենթակառուցվածքների միջոցով վճարումների հասանելիությունը, ինչպես նաև առաջացնել լրացուցիչ ռիսկեր՝ շուկայում չկարգավորվող ստվերային միջնորդական լուծումների հնարավոր տարածման տեսանկյունից։

Շուկայական հավասարակշռության և արդար մրցակցային միջավայրի պահպանման նպատակով EasyPay-ն արդեն դիմել է Մրցակցության և սպառողների շահերի

պաշտպանության հանձնաժողովին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին։

Ընկերությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու մասնագիտական երկխոսությունը բոլոր շահագրգիռ կողմերի հետ և բաց է բանակցությունների համար՝ համոզված լինելով, որ արդյունավետ

համագործակցությունը հնարավոր է բացառապես արդար տնտեսական պայմանների և փոխշահավետության սկզբունքի հիման վրա՝ ի շահ Հայաստանի վճարահաշվարկային համակարգի կայուն զարգացման և քաղաքացիների շահերի պաշտպանության։