Չորեքշաբթի, 4 Փետրվարի 2026 17:27
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը մտադիր է դառնալ BIPM-ի ասոցացված անդամ և OIML-ի թղթակից անդամ

Հայաստանը մտադիր է դառնալ BIPM-ի ասոցացված անդամ և OIML-ի թղթակից անդամ

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը փետրվարի 4-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության ներկայացվրծ «Կշիռների եւ չափերի միջազգային բյուրոյին (ԿՉՄԲ/BIPM) ասոցացված անդամ դառնալու մասին» եւ ««Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (ՕՉՄԿ/OIML) թղթակցային անդամ դառնալու մասին» նամակ-համաձայնագրերը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն։

 

ԱԺ հաղորդագրության համաձայն,  օրինագիծը ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը: Նա նշել է, որ նամակ-համաձայնագրերի վավերացումը բխում է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքից: Ներկայում Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությունն ունի 64 լիիրավ, 66 թղթակցային անդամ: Կշիռների եւ չափերի միջազգային բյուրոն ունի 64 լիիրավ անդամ եւ 37 ասոցացված անդամ:

 

Նախաձեռնություններով առաջարկվում է չափագիտության ոլորտում միջազգային երկու հեղինակավոր կառույցներին Հայաստանի անդամակցությունը՝ ի դեմս լիազոր մարմնի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմում գործող Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնի, որը երկրի տարածքում ապահովում է չափումների միասնականությունը:

Փոխնախարարի խոսքով օրենսդրական չափագիտական հսկողությունը ոչ միայն ապահովում է ՀՀ քաղաքացիների անվտանգությունն առողջության պահպանության տեսանկյունից, այլեւ կարգավորում է սպառող-վաճառող-առեւտուր հարաբերությունները:

 

Հայաստանի անդամակցությունը կառույցներին երաշխավորում է չափումների ազգային համադրելիությունը, ինչը կարեւոր է արտահանման եւ ներմուծման գործընթացներում, հնարավորություն է տալիս համագործակցել տեխնիկական վերապատրաստման հարցերում, ինչպես նաեւ դերակատարություն ունենալ օրենսդրական հանձնարարականներում: