Ուրբաթ, 13 Մարտի 2026 12:27
Ալինա Հովհաննիսյան

Ավելի քան 20 հազար մարդ է այցելել Foodex Japan ցուցահանդեսի հայկական տաղավար

Ավելի քան 20 հազար մարդ է այցելել Foodex Japan ցուցահանդեսի հայկական տաղավար

Արմինֆո.Ընդամենը մեկ օրում ավելի քան 20 հազար մարդ է այցելել  Foodex Japan 2026 ցուցահանդեսի Հայաստանի տաղավար։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (VWFA) մամուլի ծառայությունը։

Տաղավարի պատվավոր հյուրերի թվում եղել են Հայաստանում Ճապոնիայի նախկին դեսպան Մասանորի Ֆուկուսիման, Ճապոնիայում Հայաստանի գործող դեսպան Մոնիկա Սիմոնյանը: Բացի այդ, Foodex Wine Stage հատուկ հարթակում կայացած ցուցահանդեսի շրջանակում ճապոնացի սոմելյե Կումի Յոշիզումին հայկական գինիները ներկայացրել է տեղի գինու փորձագետներին, գնորդներին և այլ սոմելյեների: Համտես-շնորհանդեսի ընթացքում նա ներկայացրել է հայկական գինեգործության պատմությունը, խոսել է խաղողի ավտոխտոնային տեսակների և հայկական բարձրորակ գինիների մասին: Հայաստանը ներկայացնում են 19 գինեգործական ընկերություններ։ Ցուցահանդեսը տեղի է ունենում մարտի 10-13-ը Տոկիոյում:

 

 Նշենք, որ Ճապոնիայում գինու շուկան վերջին 10 տարում աճել է մոտ 110 տոկոսով ։ Վերջին 40 տարում սպառումն աճել է 6 անգամ։ Սպառողների ավելի քան 50% - ը օգտագործում է գինի, իսկ 76,7%-ը նախընտրում է կարմիրը: Foodex Japan-ը կմիավորի շուրջ 3 հազար ընկերություն ավելի քան 80 երկրներից, ներգրավում է շուրջ 90 հազար այցելու և նախատեսում է չորս օրվա ընթացքում անցկացնել շուրջ 1400 B2B հանդիպումներ: Հայ գինեգործների մասնակցությունը հնարավոր է դարձել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ:

 

Նշենք, որ ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների, 2025թ. առաջին կիսամյակում Հայաստանը 2.1 հազար լիտր գինի է արտահանել Ճապոնիայի շուկա, (2024թ. առաջին կիսամյակի 6 լիտրի դիմաց) մաքսային արժեքը կազմել է 13.3 հազար դոլար։

 

Գինու արտադրության ծավալը 2025 թվականի արդյունքներով կազմել է 7.7 մլն, ինչը 23.3% - ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին ։