Ուրբաթ, 13 Մարտի 2026 14:48
Նաիրա Բադալյան

Խուդաթյան․ 2025 թվականին արևային էլեկտրակայաններին բաժին է ընկել Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14 տոկոսը

Խուդաթյան․ 2025 թվականին արևային էլեկտրակայաններին բաժին է ընկել Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14 տոկոսը

Արմինֆո. 2025 թվականին արևային էլեկտրակայաններին բաժին է ընկել Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը։ Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ հաղորդել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

 

«Ներկայումս Հայաստանի էներգետիկ համակարգին միացված են ավելի քան 1150 մեգավատ սահմանված հզորությամբ արևային էլեկտրակայաններ: Դա մոտ 150 մեգավատով ավելի է 2030 թվականի համար նախատեսված ցուցանիշներից։ Եվ այդ թիվը շարունակում է հետևողականորեն աճել։

 

2024 թվականի համեմատ աճը կազմել է ավելի քան 45% ։ Որպեսզի կարողանաք պատկերացնել այս ցուցանիշի մասշտաբները, ասեմ միայն, որ անցած տարի Հայաստանում արտադրված ողջ էլեկտրաէներգիայի մոտ 14%-ն ստացվել է հենց արևային էլեկտրակայանների հաշվին", - ասել է Խուդաթյանը։

 

Նշենք, որ վիճակագրական տվյալների համաձայն, 2025 թվականին Հայաստանում արտադրվել է 10 010.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը 6.7% - ով ավելի է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: Մասնավորապես, Հայկական ԱԷԿ-ը մեկ տարվա ընթացքում արտադրության ծավալներն ավելացրել է 3 տոկոսով՝ մինչև 2 914,9 մլն կվտ/ժամ, իսկ ՀԷԿ-երը' 2,3% - ով՝  մինչև 2 106,4 մլն կվտ/ժամ։ Արևային կայանների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2025 թվականի արդյունքներով կազմել է 1 626,8 մլն կվտ/ժամ, էապես աճելով տարեկան 66,9% - ով։ Ընդ որում, 2025 թվականին ՋԷԿ-երում էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 4,4%-ով՝ մինչև 3 360,9 մլն կվտ/ժամ, ինչպես նաև հողմային կայաններինը՝ 3% - ով, մինչև 1,2 մլն կվտ/ժամ։

 

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նախատեսում էր մինչև 2030 թվականը երկրի էներգետիկ հաշվեկշռում արևային էներգիայի տեսակարար կշիռը 0,3%-ից հասցնել մինչեւ 15%, սակայն արդեն այսօր ակնհայտ է դարձել, որ այդ ցուցանիշը գերակատարվելու է: Երկիրն ունի արևային էներգիայի մեծ ներուժ. արևային էներգիայի ներհոսքի միջին տարեկան արժեքը հորիզոնական մակերեսի 1 քմ-ի համար կազմում է 1720 կՎտժ/քմ, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդի արևային էներգիայի պաշարները' տարեկան առնվազն 1850 կՎտժ/քմ ինտենսիվությամբ: Սակայն կուտակիչ կայանների բացակայությունը զսպում է երկրի էներգետիկայի այդ հատվածի զարգացումը։

 

Ընդ որում, ըստ Հայաստանի Հանրապետության էներգետիկ հատվածի զարգացման ռազմավարական ծրագրի  (մինչև 2040 թվականը) և դրա իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի, Հայաստանը նախատեսում է մինչեւ 2040 թվականը արևային և հողմային էլեկտրակայանների հզորությունն ավելացնել, ընդհանուր առմամբ, առնվազն մինչև 2000 ՄՎտ: Արդյունքում՝ էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործմամբ արտադրվող էլեկտրաէներգիայի բաժինը 2030 թվականին էլեկտրաէներգիայի համախառն վերջնական սպառման մեջ, ներառյալ խոշոր հիդրոէլեկտրակայանները, կհասնի մոտ 50%-ի, իսկ մինչև 2040 թվականը՝ շուրջ 60%-ի: