Ուրբաթ, 13 Մարտի 2026 14:50

ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է. զեղծարարները թիրախավորել են քաղաքացիների բանկային տվյալները

ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է. զեղծարարները թիրախավորել են քաղաքացիների բանկային տվյալները

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կենտրոնական բանկի կողմից ստացված տեղեկությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից պարբերաբար ներկայացվող ահազանգերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում զգալիորեն աճել են հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարության դեպքերը։ Այդ մասին ասվում է ՀՀ ԿԲ հաղորդագրությունում։

 

«Զեղծարարները հաճախ ներկայանում են որպես հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներ և կապ են հաստատում քաղաքացիների հետ (հիմնականում WhatsApp հավելվածի միջոցով)՝ առաջարկելով կատարել որոշակի գործողություններ հեռախոսի կարգավորումներում ինտերնետ կապը բարելավելու կամ 5G կապը ակտիվացնելու համար։

Շատ դեպքերում զեղծարարները հաղորդակցվում են ռուսերենով և վստահություն ներշնչելու համար ներկայանում են որպես տեխնիկական մասնագետներ՝ խնդրելով միացնել էկրանի համօգտագործումը (screen sharing), ներբեռնել կամ տեղադրել իրենց կողմից ուղարկված ֆայլը կամ հավելվածը։

 

Ուշադրություն. եթե քաղաքացին կատարում է զեղծարարի նշած գործողությունները, ապա զեղծարարը կարող է հեռակա կերպով վերահսկել հեռախոսը և ստանալ հասանելիություն բանկային հավելվածներին, անձնական տվյալներին և հաշվեհամարներին, ինչը կարող է հանգեցնել ֆինանսական միջոցների կորստի։

ՀՀ կենտրոնական բանկը կրկին զգուշացնում է քաղաքացիներին.

Ոչ մի հեռահաղորդակցման օպերատոր կամ բանկ երբեք չի պահանջում հեռախոսում տեղադրել ֆայլեր կամ միացնել screen sharing։

Մի՛ տեղադրեք որևէ հավելված կամ ֆայլ՝ օգտվելով անհայտ անձանց ուղարկած հղումներից։

Մի՛ կիսվեք ձեր հեռախոսի էկրանով, գաղտնաբառերով կամ հաստատման կոդերով։

 

ՀՀ կենտրոնական բանկը կոչ է անում քաղաքացիներին լինել առավել զգոն և զգուշավոր, քանի որ նման խարդախ սխեմաների հիմնական նպատակը քաղաքացիների անձնական տվյալներն ու ֆինանսական միջոցները հափշտակելն է», - ասվում է ԿԲ հաղորդագրությունում։

 

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացրել էր, որ 2026 թվականի հուլիսի 1-ից սպառողները հնարավորություն կունենան իրենց նախաձեռնությամբ մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները՝ մոբայլ բանկինգով և կազմակերպության կայքով։ Ինքնապաշտպանության գործիքներն ու մեխանիզմները ներդրվում են խարդախության դեմ պայքարի նպատակով:

 

Օրինակ՝ հնարավոր կլինի մոբայլ բանկինգով արգելափակել առցանց վարկի ձևակերպումը, ավանդից կամ խնայողական հաշվից առցանց ելքագրումները, ինչպես նաև այլ առցանց գործառնություններ։ Ապաարգելափակումը կիրականացվի բացառապես սպառողի նույնականացումից և ինքնության ստուգումից հետո։

 

Գործիքը հնարավորություն կտա սպառողներին ավելի լավ կառավարել իրենց անունից իրականացվող ֆինանսական գործառնությունները և լինել ավելի պաշտպանված զեղծարարության դեպքերից։


Մինչ ֆինանսական կազմակերպությունների կողմից գործիքի գործարկումը Կենտրոնական բանկը լրացուցիչ կտեղեկացնի և կհիշեցնի սպառողներին դրա կիրառման կարգի և հնարավորությունների վերաբերյալ։

«Կարգավորման մանրամասները՝ «Սպառողի կողմից ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման նվազագույն պահանջները» Կանոնակարգ 8/09-ում:

 

Հուլիսի 1-ից հետո գործիքի առկայությունը պարտադիր է՝ բանկերի, օտարերկրյա բանկի մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների, դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների համար, որոնք մատուցում են ֆինանսական ծառայություններ հեռավար եղանակով», - ասվում էր հաղորդագրությունում: