
Արմինֆո.Ավարտվել է MITT 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որի շրջանակում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացրել է երկրի զբոսաշրջային ներուժն ու առաջարկները։
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, ցուցահանդեսի ընթացքում կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը մի շարք հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների և տեղի ոլորտային ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության բազմակողմ տնտեսական համագործակցության և հատուկ նախագծերի վարչության պետ Նիկիտա Կոնդրատևի, վարչության պետի տեղակալ Իգոր Մաքսիմովի, ինչպես նաև Մոսկվայի զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Եվգենի Ալեքսանդրովիչ Կոզլովի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները, ոլորտում առկա վերջին զարգացումները, ինչպես նաև կարևորվել է երկու երկրների պետական և մասնավոր հատվածների միջև կապերի ընդլայնումը։
«Ամփոփելով MITT 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, նշենք, որ այն ևս մեկ կարևոր հարթակ հանդիսացավ ներկայացնելու Հայաստանը, որպես զբոսաշրջային ուղղություն միջազգային հարթակում», - նշվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2025 թվականին Ռուսաստանից Հայաստան է այցելել 921 704 զբոսաշրջիկ, ինչը 1,7 տոկոսով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից։