Երեքշաբթի, 17 Մարտի 2026 12:41
Ալինա Հովհաննիսյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են դեպի "Զվարթնոց" օդանավակայան երկաթուղային ենթակառուցվածքի ստեղծման նախագիծը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են դեպի "Զվարթնոց" օդանավակայան երկաթուղային ենթակառուցվածքի ստեղծման նախագիծը

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ 

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով երկու երկրների միջև ձևավորված սերտ գործընկերային հարաբերությունները օդային հաղորդակցության, երկկողմ թույլատվություններով իրականացվող ցամաքային փոխադրումների և այլ ոլորտներում։ 

 

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև դեպի «Զվարթնոց» օդանավակայան երկաթուղային ենթակառուցվածք ստեղծելու ծրագրին՝ դիտարկելով իտալական ընկերությունների հետ հնարավոր համագործակցությունը։ 

 

Դեսպանը ընդգծել է, որ ուղիղ ավիակապը Հայաստանի և Իտալիայի միջև խթանում է տարեց տարի աճող զբոսաշրջիկների հոսքը, ինչն էլ իր հերթին հետաքրքրություն է առաջացնում իտալական ընկերությունների մոտ՝ ներգրավված լինելու Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում։ 

 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները ոլորտային հարցերի շուրջ։ 

 

Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2025 թվականին Իտալիայից Հայաստան է այցելել 22 669 զբոսաշրջիկ, ինչը 42 տոկոսով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։

 

Հիշեցնենք, որ դեպի "Զվարթնոց" միջազգային օդանավակայան նոր երկաթուղային գծի նախագիծը մշակվել էր դեռևս 2011թ.: Նախագծով նախատեսվում էր օդանավակայանի ուղեւորների տերմինալը մեկ գծով միացնել մետրոյի "Չարբախ" կայարանին, իսկ բեռնային համալիրը՝ "Կարմիր բլուր" կայարանին՝ արագընթաց գնացքի միջոցով: Նախագծվող գծի երկարությունը կազմում է մոտ 7.5 կմ:

 

Օտարման գոտին պահանջվել է միայն նոր՝ 3.9 կմ երկարությամբ նոր տեղամասի համար և կազմում է 3.84 հա:

 

Ինչպես ասվում է կառավարության որոշման նախագծում, նախագծի իրականացման արժեքը, առանց հաշվի առնելու հողերի օտարման ծախսերը, գնահատվել է շուրջ 5 մլն դոլար, որից 1.5 մլն դոլարը՝ գոյություն ունեցող 3.6 կմ հողային պաստառի վերակառուցման, 3.1 մլն դոլարը' 3.9 կմ նոր երկաթուղու կառուցման, և 400 հազար դոլարը՝  երկու արհեստական կառույցների կառուցման համար: