Երեքշաբթի, 17 Մարտի 2026 14:46

Հայաստանում ուժեղանում է դեպի ծառայությունների ոլորտ զբաղվածության վերաբաշխման միտումը. ԵԱԶԲ

Հայաստանում ուժեղանում է դեպի ծառայությունների ոլորտ զբաղվածության վերաբաշխման միտումը. ԵԱԶԲ

Արմինֆո.2019 թվից Հայաստանում ուժեղացել է դեպի ծառայությունների ոլորտ զբաղվածության վերաբաշխման միտումը (2019թ․ 54%-ից մինչև 58%՝ 2024թ․), ասվում է ԵԱԶԲ-ի մասնագետների պատրաստած մարտյան Մակրոամփոփագրում։

 

Որպես հետևանք, նշվում է, որ զբաղվածության կառուցվածքում գյուղատնտեսության տեսակարար կշիռը նվազել է 22% - ից մինչև 18%, արդյունաբերությանը՝ 14% - ից մինչև 13%: Մինչդեռ, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, ՏՏ-ն, հյուրանոցային բիզնեսը և ֆինանսական հատվածը, ընդլայնում են իրենց դերը։ Առավել նկատելի աճ է գրանցվել ՏՏ ոլորտում, որտեղ զբաղվածությունը 2019 թվականի 2,9% - ից 2024 թվականին հասել է 3,7% - ի: Դա, ինչպես կարծում են բանկի մասնագետները, մասամբ պայմանավորված է բիզնեսի ռելոկացիայով. 2022-2023 թվականներին Հայաստան է տեղափոխվել 13 հազար ձեռնարկություն: Մեկ այլ պատճառ էլ թվային ծառայությունների պահանջարկի մեծացումն է, որն արտացոլում է տնտեսության մասնակի անցումը ավելի արդյունավետ գործունեության: Այնուամենայնիվ, վերլուծաբանները կարծում են, որ փոխակերպումը մնում է անավարտ. գյուղատնտեսությունը շարունակում է ապահովել զբաղվածության զգալի մասը՝ ՀՆԱ - ի աճի մեջ համեմատաբար ցածր ներդրմամբ: (0,1 տ. կ. 2024 թվականի 5,9% տնտեսական աճից):

 

Զեկույցում նշվում է, որ վերջին տարիներին Հայաստանի և Ռուսաստանի միջև աշխատավարձի մակարդակի տարբերությունը փոքր-ինչ կրճատվել է, ինչը նվազեցրել է դեպի ՌԴ աշխատանքային միգրացիայի խթանները: Մյուս գործոնները 2021-2026 թվականներին շինարարության ոլորտի արագ աճն է և  կառավարության նախաձեռնած ենթակառուցվածքային ներդրումները։

 

Զեկույցում նշվում է, որ 2022 թվականից հետո Հայաստանում անվանական աշխատավարձը զգալիորեն աճել է (2021 թվականի ամսական 215 հազար դրամից 2025 թվականին հասնելով 327 հազար դրամի), հատկապես՝ բարձր որակավորում ունեցող ոլորտներում ։ ՏՏ և ֆինանսական ծառայությունների ոլորտում միջին աշխատավարձը զգալիորեն առաջ է անցել համազգային ցուցանիշներից (աճը, համապատասխանաբար, 2021 թվականին ամսական 574 հազար դրամից մինչև 894 հազար դրամ 2025 թվականին և 430 հազարից մինչև 960 հազար) ։ Չնայած 2022թ. գնաճին՝ 2023-2024թթ. դրամի արժևորումը և գնաճային գործընթացների դանդաղումը ապահովել են բնակչության իրական եկամուտների աճը ։ Աշխատավարձերի արագ աճը բացատրվում է բարձր որակավորում ունեցող մասնագետների և ընկերությունների ներհոսքով, որոնք ուժեղացրել են հմուտ աշխատուժի պահանջարկը: Դա հանգեցրել է կադրերի տեղական դեֆիցիտի և համապատասխան հատվածներում աշխատավարձերի աճի։ Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության և այլ ցածր արտադրողականության ոլորտներում աշխատավարձերի աճը հետ է մնում, ինչը մեծացնում է բնակչության եկամուտների տարբերությունը:

 

Դրա հետ մեկտեղ, ինչպես ընդգծվում է Մակրոամփոփագրում, Հայաստանի բնակչության ծերացումը եւ աշխատունակ բնակչության կրճատումը սահմանափակում են աշխատանքի առաջարկը երկարաժամկետ հեռանկարում։

 

Նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հավաստմամբ՝ 2025թ. վերջի դրությամբ Հայաստանում կար 300 հազար թափուր աշխատատեղ և շուրջ 30 հազար պաշտոնական գործազուրկ: Իսկ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստանում գործազրկության մակարդակը 2025թ. III եռամսյակում նվազել է մինչև 11,8% ՝ 2024թ. նույն ժամանակահատվածի 13,3% - ից։ Ընդ որում, զբաղվածության մակարդակը տարեկան կտրվածքով նվազել է աննշան՝ 2024թ. III եռամսյակի 52,2% - ից մինչև 2025թ. III եռամսյակի 52,1% (2025թ.II եռամսյակի 51,2% - ի դիմաց)։ Մասնավորապես, զբաղված բնակչության թիվը կազմել է 1.210 մլն  մարդ, որը 0,1% - ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին։ Ընդ որում, գործազուրկների թիվը տարվա ընթացքում նվազել է 13,1% - ով ՝ կազմելով 161.3 հազար մարդ։ Եռամսյակում գործազուրկների թիվը նվազել է 3% - ով։