
Արմինֆո. Վերջին 6 ամիսների ընթացքում ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսն արդեն երկրորդ անգամ է այցելում Երևան, ինչը Հայաստանի և Եվրոպական Միության միջև ընդլայնվող գործընկերության վկայությունն է: Այս մասին ապրիլի 19-ին Կոսի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով ՝ այս այցը նշանավորում է Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության խորացումը բոլոր ուղղություններով: Հատկապես նշանակալի է այն փաստը, որ դա տեղի է ունենում Եվրոպական համայնքի և Հայաստան-ԵՄ գագաթաժողովներին ընդառաջ։
Գրիգորյանը նշել է, որ Կոսի այցի շրջանակներում մանրամասն քննարկվել են բոլոր այն բարեփոխումները, որոնք համապատասխանում են "Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին" համաձայնագրի շրջանակներում Երևանի ստանձնած պարտավորություններին: Իրականացվող բարեփոխումների որակի և արդյունավետության բարձրացման նպատակով այսօր Երևանում ստորագրվել է 2025-2027թթ.կայունության ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը, որով սահմանվել են արտահանման դիվերսիֆիկացմանը, վիզային ռեժիմի ազատականացմանը, հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները:
Փոխվարչապետը հաղորդել է, որ բանակցություններում հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածությանը, եւ այդ համատեքստում "Խաղաղության խաչմերուկ" նախագծին, ինչպես նաեւ ԵՄ "Գլոբալ դարպասներ" նախագծին: ԵՄ-ն վերահաստատել է իր հանձնառությունը Հայաստանի՝ եվրոպական կառույցներին ինտեգրվելու հարցում ։