Երկուշաբթի, 23 Մարտի 2026 17:39

IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասին

IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասին

Արմինֆո.Հայաստանում գրանցվել են զեղծարարության դեպքեր՝ կապված սոց․ ցանցերում և մեսենջերներում «հեշտ գումար աշխատելու» ծրագրերի հետ։ Անհատին առաջարկում են բարձր եկամուտ և աշխատանքի ձևակերպում առանց ավելորդ բարդությունների։ Գործնականում սա գրեթե միշտ նշանակում է մի բան․ ձեզնից ուզում են կորզել տվյալներ, որոնք դուք երբեք ոչ-ոքի չպետք է տրամադրեք։ 

 

Խաբեության մեխանիզմը․ նամակագրությունից մինչև գումարի կորուստ

 

Ամեն ինչ սկսվում է Facebook Messenger-ից, Instagram-ից, Telegram-ից կամ այլ ցանկացած հարթակից ուղարկված նամակից։ Ձեզ առաջարկում են բարձր վարձատրվող աշխատանք, որը կարծես ջանքեր չի պահանջում։ Շատ հաճախ սա անվանում են «աշխատանք տնից»․ փաթեթավորել ապրանքներ, ձեռագիր փաստաթղթերի հիման վրա տեքստ հավաքել, գրել կարծիքներ, հայտարարություններ տեղադրել տարբեր կայքերում։

 

Կարևոր է նկատել, որ ոչ մի հանդիպում կամ գրասենյակ այցելություն չի նախատեսվում։ Բոլոր ձևակերպումներն առաջարկում են կատարել հեռավար տարբերակով՝ նամակագրության միջոցով։ Եվ ինչ-որ պահից սկսած ձեզ խնդրում են տրամադրել անձնական տվյալներ․ անձնագրի սքանավորված տարբերակ, բանկային քարտի համար և այլ տեղեկություններ։ Երբեմն սա դառնում է իսկապես վտանգավոր․ կարող են պահանջել քարտի հետևի եռանիշ ծածկագիրը և քարտի վավերականության ժամկետը, ինչպես նաև SMS-ով ստացված հաստատման կոդերը։

 

Այնուհետև քայլերի հաջորդականությունը գնում է երկու ճանապարհով։

  • Ձեզ «գրանցում են», ապա պարզ է դառնում, որ Ձեր հաշվից գումարներ են գանձվել կամ Ձեր անունով արդեն վարկ է ձևակերպված,
  • Ձեզ առաջարկում են «անցնել աշխատանքի», բայց սկզբում խնդրում են վճարել նյութերի, ուսուցման կամ «աշխատանքային ծրագրին» հասանելիության համար։ Դուք փոխանցում եք գումարը և ապա նամակագրությունն ընդհատվում է։

 

Կարևոր նկատառում․ «երազանքների աշխատանքը» գրեթե միշտ կառուցվում է հրատապության հիման վրա

 

Զեղծարարները շտապում են։ Նրանց համար կարևոր է ձեզ երկար մտածելու և տեղեկատվությունը ստուգելու ժամանակ չտալ։ Ձեզ ասում են, որ տեղերը սահմանափակ են, անհրաժեշտ է «գրանցել դիմումը», «շտապ հաստատել տվյալները», «այսօր դիմումների ընդունման վերջին օրն է»։ Անձնական տվյալների և գումարի հարցում ցանկացած շտապողականություն նշան է, որ ձեր առջև ոչ թե գործատու է, այլ զեղծարար։

 

Զեղծարարության այս համակարգն արդեն նկատելի է Հայաստանում։ «Ամերիկյան ընկերության» անունից ներկայանալով՝ նամակների միջոցով մարդկանց առաջարկում են օնլայն աշխատանք օրական տասնյակ հազար դրամ եկամուտով։ Հանդիպում են ավելի ծանր պատմություններ։ Օրինակ՝ Էջմիածնի մի բնակչուհի այսպիսի աշխատանքի համար «գրանցումից» հետո աշխատավարձի փոխարեն ստացել էր իր անունով ձևակերպված վարկ՝ 360 հազար դրամի չափով։

 

 

 

Իրավաբանական ծուղակ

 

Այսպիսի սխեմաները վտանգավոր են նրանով, որ անհատը հաճախ ինքն է տրամադրում իր տվյալները կամ ինքն է գումարն ուղարկում զեղծարարներին։ Նման դեպքերում կորուստը վերադարձնելը շատ ավելի դժվար է, քան երբ մուտքը կատարվել է առանց ձեր համաձայնության։

 

IDBank-ը խորհուրդ է տալիս․

  • Մոտեցեք քննադատորեն։ Եթե առաջարկը չափազանց շահավետ է իրական լինելու համար, ամենայն հավանականությամբ դա զեղծարարություն է։
  • Մի փոխանցեք անձնական և բանկային տվյալները նամակագրությամբ։ Անձնագրի նկարը և  քարտային տվյալները, վավերականության ժամկետը, քարտի հետևի եռանիշ կոդը և առավել ևս SMS  կոդը «աշխատանքի տեղավորման» հետ կապ չունեն։
  • Մի վճարեք «իրերի», «ուսուցման», «ծրագրերի» կամ «փաստաթղթերի ձևակերպման» համար։ Իրական գործատուն չի սկսում աշխատանքային հարաբերությունները՝ ձեզնից փող պահանջելով։
  • Ստուգեք ընկերությունը։ Փնտրեք իրական կայքը, իրավաբանական տվյալները, հրապարակային կոնտակտները, ստուգեք պաշտոնական ռեգիստրներում գտնվելը, հարցրեք նախկին աշխատակիցների կարծիքները, մի հիմնվեք միայն զրույցում ներկայացված գեղեցիկ պատմության վրա։
  • Եթե որոշել եք «պարզել մանրամասները», տվեք կոնկրետ հարցեր և պահանջեք կոնկրետ պատասխաններ. իրավաբանական հասցե, պայմանագիր, վճարման պայմաններ, պատասխանատու անձի կոնտակտ, անձնական հանդիպման կամ առնվազն տեսազանգի հնարավորություն։ Որքան շատ փաստեր պահանջեք, այնքան արագ զեղծարարը կսկսի շփոթվել։
  • Եթե արդեն ուղարկել եք տվյալներ կամ փոխանցել գումար, գործեք արագ։ Ընդհատեք շփումը և անհապաղ կապ հաստատեք բանկի հետ՝ առկա պաշտոնական կոնտակտների միջոցով։

Հիշեք՝ ֆինանսական անվտանգությունը սկսվում է ձեր զգոնությունից։ Ձեր գումարը անվտանգ է այնքան ժամանակ, քանի դեռ դուք ինքներդ չեք տրամադրել մուտքի հնարավորություն երրորդ անձանց։