Հինգշաբթի, 16 Ապրիլի 2026 12:00
Ալինա Հովհաննիսյան

Օման մսամթերք արտահանելու համար շուտով «HALAL» մակնշման վկայականներ կպահանջվեն․ ՍԱՏՄ

Օման մսամթերք արտահանելու համար շուտով «HALAL» մակնշման վկայականներ կպահանջվեն․ ՍԱՏՄ

Արմինֆո. 2027թ. հունիսի 1-ից Օմանի Սուլթանություն մսամթերքի ներկրման համար տնտեսավարողները պետք է ունենան «HALAL» մակնշման վկայականներ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) մամուլի ծառայությունը։

 

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև առևտրաշրջանառության խթանման կարևորությունը, ինչպես նաև օմանական կողմի ցուցաբերած հետաքրքրությունը հայկական  գյուղատնտեսական ապրանքների, այդ թվում՝ մսամթերքի ներկրման նկատմամբ, իրազեկում ենք, որ 2027թ. հունիսի 1-ից մսամթերքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող հայաստանյան տնտեսվարողները Օմանի Սուլթանություն մսամթերքի ներկրման համար պետք է ունենան Օմանի սննդամթերքի անվտանգության և որակի կենտրոնի հավատարմագրած մարմինների կողմից տրված «HALAL» մակնշման վկայականներ», - ասվում է ՍԱՏՄ հաղորդագրությունում:

 

Նշենք, որ Հայաստանի Մաքսային ծառայության վերջին տվյալների համաձայն (2025թ. 1-ին կիսամյակ) Օմանը չկա Հայաստանի արտահանման շուկաների ցանկում։ Մինչդեռ, Օմանից Հայաստան ներկրվող ապրանքների մաքսային արժեքը կազմել է 309.2 հազար դոլար՝ տարեկան 18.8 տոկոս աճով։