
Արմինֆո.Թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa-ն (NYSE: V) այսօր հայտարարել է Սերգեյ Մարտինչուկի նշանակման մասին՝ որպես ընկերության ավագ փոխնախագահ եւ Ուկրաինայի, Մոլդովայի, Հարավային և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների խմբի մենեջեր: Կիևում աշխատող Մարտինչուկը պատասխանատու կլինի 17 երկրներում Visa-ի գործունեության և ռազմավարության համար: Այդ մասին նշվում է Visa-ի հաղորդագրությունում։
Սերգեյ Մարտինչուկը փոխարինում է Քրիստինա Դորոսին, որը վերջերս ստանձնել Visa-ի հավելյալ արժեքով ծառայությունների (Value Added Services) ղեկավարի պաշտոնը եւ տեղափոխվել է Սան Ֆրանցիսկոյի Visa-ի գլխավոր գրասենյակ: Սերգեյ Մարտինչուկի ուշադրության կենտրոնում կլինեն ֆինանսական հաստատությունների, առևտրականների, տեխնոլոգիական և պետական գործընկերների հետ համագործակցության ամրապնդումը և տարածաշրջանում թվային վճարումների ընդունման առաջմղումը:
«Ուրախ ենք ողջունել Սերգեյին Visa-ում», - ասել է Visa-ի Կենտրոնական Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկաի տարածաշրջանային նախագահ դոկտոր Տարեք Մուհմուդը: «Նրա խորը տեխնոլոգիական փորձը, տարածաշրջանային առաջնորդության ուժեղ փորձառությունը և տարբեր թիմեր ղեկավարելու ապացուցված ունակությունը կամրապնդեն մեր կարողությունները և կօգնեն ավելի մեծ արժեք ստեղծել 17 երկրներում մեր հաճախորդների և գործընկերների համար»:
Մարտինչուկը տարածաշրջանում գրեթե երկու տասնամյակի առաջնորդության բարձր մակարդակի փորձ ունի, մասնավորապես, Cisco-ում: Նա ղեկավարել է խոշոր կազմակերպություններ՝ աճ ապահովելով և կառուցելով վստահելի հարաբերություններ հաճախորդների, գործընկերների և կարգավորիչների հետ: Սերգեյ Մարտինչուկը համակարգչային գիտության և ֆինանսների ակադեմիական կրթություն է ստացել:
«Ինձ համար պատիվ է միանալ Visa-ին և ղեկավարել այս բազմաշուկա տարածաշրջանը վճարումների ոլորտի համար այդքան կարևոր պահին», - ասել է Սերգեյ Մարտինչուկը: «Մեր թիմերի և գործընկերների հետ միասին մենք կշարունակենք առաջ մղել թվային վճարումները մարդկանց և բիզնեսների համար, կընդլայնենք դրամական շարժի լուծումները և կապահովենք հաճախորդների աճը ավելացված արժեքի ծառայությունների միջոցով՝ հենվելով տեխնոլոգիաների, անվտանգության և շուկայական ամուր համապատասխանության վրա»:
Հայաստանում Visa-ն 24 տարի շարունակ գործակցում է բանկերի, առևտրականների և պետական հաստատությունների հետ՝ կառուցելու առաջադեմ, անվտանգ և ներառական թվային վճարումների էկոհամակարգ: Այս գործընկերությունների միջոցով Visa-ն շարունակում է խթանել նորարարությունները տոկենիզացիայի, բիոմետրիկ վճարումների և էլեկտրոնային առևտրի ոլորտներում:
Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: «Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի եւ անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին եւ տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին եւ ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին եւ ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք», - նշվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Հայաստանում գործող 17 բանկերից 12-ը թողարկում և սպասարկում են Visa միջազգային վճարային համակարգի քարտեր: Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով ՝ 31.12.2025 թ. դրությամբ երկրում կա 2,7 մլն Visa քարտ, ինչը կազմում է շրջանառվող վճարային քարտերի ընդհանուր թվի (ավելի քան 5 մլն հատ) 54%-ը։ Տարեկան կտրվածքով այդ քարտերի թիվն աճել է 22% - ով կամ 480,6 հազար հատով։ Դա նպաստել է Հայաստանում քարտերի ընդհանուր թվի տարեկան աճի երկնիշ տեմպերին՝ 16% ։
ԱրմԻնֆո-ի պատրաստած "Հայկական բանկերը քարտային բիզնեսում" վերլուծական ամփոփագրի #32 թողարկման տվյալներով (2025թ. 9 ամիսների արդյունքներով), Visa ակտիվ քարտերի թվով առաջատար հնգյակում են Ամերիաբանկը, IDBank-ը, Acba Bank-ը, Արդշինբանկը և Կոնվերս Բանկը, որոնց ընդհանուր թիվը կազմում է 1,7 մլն հատ կամ Visa քարտերի ընդհանուր թվի 68% - ը: Հայաստանյան բանկերից Visa քարտեր չեն թողարկել և չեն թողարկում չորսը՝ Արմսվիսբանկը, Արցախբանկը, Byblos Bank Armenia-ն, Մելլաթ Բանկը: Իսկ ՎՏԲ-Հայաստան բանկը 2023թ. նոյեմբերի 3-ից դադարեցրել է Visa և Mastercard քարտերի թողարկումը։