
Արմինֆո.Հայաստանի արդյունաբերությունը ցույց է տալիս կայունացման, վերականգնման և շարունակական աճի հստակ ազդակներ։ Նման կարծիք հայտնել Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։
Նա նշել է, որ Հայաստանի արդյունաբերությունը 1991 թվականից հետո շուրջ երեք տասնամյակ գտնվել է ծանր անկման և համակարգային քայքայման պայմաններում։
«2018 թվականից սկսած՝ կառավարությունը փուլ առ փուլ սկսել է իրականացնել արդյունաբերության վերականգնման, իսկ ավելի հստակ՝ արդյունաբերական վերստեղծման քաղաքականություն։
Եվ այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ այդ հետևողական աշխատանքի արդյունքում 2026 թվականի սկզբին Հայաստանի արդյունաբերությունը ցույց է տալիս կայունացման, վերականգնման և շարունակական աճի հստակ ազդակներ։
Եթե մինչև 2025 թվականը, և նույնիսկ 2025 թվականի ընթացքում, ոլորտը շարունակում էր ձևավորվել արտաքին շուկաների բարձր անկայունության, մետաղների միջազգային գների տատանումների և գլոբալ տնտեսական անորոշությունների պայմաններում, ապա արդեն այս տարվա առաջին ամիսներին արձանագրվում է արդյունաբերական ակտիվության էական կայունացում։
Հատկապես կարևոր է, որ աճի հիմնական շարժիչը շարունակում է լինել վերամշակող արդյունաբերությունը՝ տնտեսության այն հատվածը, որը ստեղծում է բարձր ավելացված արժեք, արտահանման ներուժ և տեխնոլոգիական զարգացում։
Վերջին ամիսներին դրական դինամիկա է արձանագրվում սննդի արտադրությունում,
մետաղագործության առանձին ուղղություններում, մշակող արդյունաբերության մի շարք ենթաճյուղերում։
Սա պատահական գործընթաց չէ։ Վերջին տարիներին կառավարության տնտեսական քաղաքականությունը նպատակային ուղղված է եղել հենց արտադրական տնտեսության վերակառուցմանն ու ամրապնդմանը՝ ներդրումային միջավայրի բարելավում, արտահանման խթանում, արդյունաբերական ծրագրերի պետական աջակցություն, ենթակառուցվածքային զարգացում, արտադրողականության բարձրացում և տեխնոլոգիական արդիականացում։
Արդյունքում՝ նույնիսկ արտաքին ռիսկերի պայմաններում Հայաստանը շարունակում է պահպանել մակրոտնտեսական կայունությունը և արդյունաբերական վերականգնման ներուժը։
Միևնույն ժամանակ, մենք պարտավոր ենք իրատեսորեն գնահատել առկա մարտահրավերները։
Արտաքին շուկաների անկայունությունը, աշխարհաքաղաքական զարգացումները և միջազգային տնտեսական փոփոխությունները շարունակում են ազդեցություն ունենալ նաև Հայաստանի արդյունաբերության վրա։
Սակայն տարբերությունն այն է, որ այսօր Հայաստանը այս ռիսկերը դիմավորում է ավելի մրցունակ տնտեսությամբ, ավելի կազմակերպված պետական կառավարմամբ և ավելի բարձր ինստիտուցիոնալ կայունությամբ։
Մեր նպատակը պարզապես բարձր տնտեսական աճ ապահովելը չէ։ Մեր ռազմավարական խնդիրը արտադրող, արտահանող և տեխնոլոգիական Հայաստան կառուցելն է, որտեղ արդյունաբերությունը կլինի ոչ միայն տնտեսության շարժիչ ուժ, այլ նաև ազգային տնտեսական ինքնիշխանության կարևորագույն հենասյուներից մեկը», - գրել է փոխնախարարը։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների ՝ Հայաստանի արդյունաբերական հատվածը 2026 թվականի առաջին եռամսյակում հասել է 13,4% աճի (2025 թվականի նույն ժամանակահատվածի 18,5% անկումից) ՝ կազմելով 748 մլրդ դրամ (1,9 մլրդ դոլար) ։
Վերամշակող արդյունաբերությունը նույնպես տարեկան դինամիկան ծավալել է 26% անկումից դեպի 9,5% աճ՝ ապահովելով 458.4 մլրդ դրամ ծավալ: