Երկուշաբթի, 11 Մայիսի 2026 16:28
Կարինա Մելիքյան

Հունիսի 4-ին առաջին անգամ Երևանում կանցկացվի InsureTek Armenia 2026 միջազգային համաժողովը

Հունիսի 4-ին առաջին անգամ Երևանում կանցկացվի InsureTek Armenia 2026 միջազգային համաժողովը

Արմինֆո.Հունիսի 4-ին առաջին անգամ Երևանում կանցկացվի InsureTek Armenia 2026 միջազգային համաժողովը ՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ:

 

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հաղորդագրության համաձայն,  մայիսի 11-ին GAIP միջազգային կազմակերպության հետ ստորագրվել է համագործակցության պայմանագիր՝ ազդարարելով Հայաստանում ապահովագրական և ինշուրթեք ոլորտների համար նոր միջազգային հարթակի ձևավորման մեկնարկը։ 

 

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը իր խոսքում կարևորել է Բյուրոյի կողմից նման միջազգային հարթակների ձևավորման նախաձեռնությունը Հայաստանում՝ ընդգծելով, որ InsureTek Armenia 2026-ը նպատակ ունի Հայաստանը դարձնել ոլորտային մասնագիտական երկխոսության և նորարարական համագործակցության տարածաշրջանային կենտրոն։

 

«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի համար չափազանց կարևոր է ոչ միայն ապահովագրական համակարգի ընթացիկ զարգացումը, այլև միջազգային փորձի, տեխնոլոգիական նորարարությունների և ոլորտային լավագույն լուծումների ներգրավումը Հայաստան։ InsureTek Armenia 2026-ը Բյուրոյի ռազմավարական նախաձեռնությունն է, որի միջոցով մենք ձևավորում ենք միջազգային համագործակցության նոր հարթակ և խթանում Հայաստանի ապահովագրական շուկայի ինտեգրումը գլոբալ գործընթացներին», - նշել է Վ. Եղիազարյանը։

 

Վերջինս ընդգծել է նաև Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկիռազմավարական աջակցության, ինչպես նաև Բյուրոյին անդամակցող ապահովագրական ընկերությունների ներգրավվածության և համատեղ աշխատանքի կարևորությունը՝ InsureTek Armenia 2026-ի կազմակերպման և իրականացման գործընթացում։

 

GAIP-ի հիմնադիր-նախագահ Աֆթաբ Հասանն, իր հերթին, բարձր է գնահատել Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի նախաձեռնողականությունը միջազգային ֆորումը Հայաստանում կազմակերպելու գործում։ Նա, մասնավորապես, շեշտել է, որ «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն հանդես է գալիս որպես տարածաշրջանում առաջադեմ և ապագային միտված կազմակերպություն, որը ոչ միայն արձագանքում է ոլորտի փոփոխություններին, այլև ինքն է ձևավորում նոր համագործակցային օրակարգ։ Մենք վստահ ենք, որ InsureTek Armenia 2026-ը կդառնա կարևոր միջազգային հարթակ՝ միավորելով ոլորտի առաջատար դերակատարներին և խթանելով նորարարությունների զարգացումը տարածաշրջանում»։

 

InsureTek Armenia 2026 միջազգային ֆորումը կհամախմբի ապահովագրական ոլորտի առաջատար մասնագետներին, կարգավորող մարմիններին և ինշուրթեք նորարարներին՝ քննարկելու ոլորտի զարգացման արդի միտումները, թվային փոխակերպման հնարավորություններն ու ապահովագրության ապագան։