Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026 17:04
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի առևտրային հատվածում աճի տեմպերի դանդաղում է նկատվում

Հայաստանի առևտրային հատվածում աճի տեմպերի դանդաղում է նկատվում

Արմինֆո.Հայաստանի առևտրի ոլորտի հասույթի տարեկան աճը 2026թ. I եռամսյակում դանդաղել է՝ 6%-ից հասնելով 2,1%-ի:

2026 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի առևտրի ոլորտի հասույթի տարեկան աճը դանդաղել է՝ նախկին 6%-ից հասնելով 2,1%-ի և կազմելով 1,44 տրլն դրամ (3,8 մլրդ դոլար)։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, միայն սույն թվականի մարտին Հայաստանում առևտրաշրջանառությունն աճել է 14,1%-ով՝ կազմելով 550,5 մլրդ դրամ (1,4 մլրդ դոլար)։

Մասնավորապես, մեծածախ առևտուրը 2026թ. I եռամսյակում տարեկան դինամիկան 5,9% աճից շրջել է դեպի 0,9% անկում՝ ապահովելով 916,8 մլրդ դրամի հասույթ։

Մանրածախ առևտուրը, ընդհակառակը, արագացրել է տարեկան աճի տեմպերը՝ 5%-ից հասնելով 8,1%-ի՝ ապահովելով 469,8 մլրդ դրամի հասույթ։

Միևնույն ժամանակ, ավտոմեքենաների առուվաճառքի ծավալը 2026թ. I եռամսյակում ապահովել է 56,1 մլրդ դրամի հասույթ՝ արձանագրելով 3,3% տարեկան աճ (նախորդ տարվա 15,2% անկման դիմաց)։

Մանրածախ առևտրի կառուցվածքում ամենամեծ շրջանառությունն ապահովում են խանութները (այդ թվում՝ սուպերմարկետները)՝ 82,8% կամ 389 մլրդ դրամ (տարեկան աճը՝ 7,7%), այլ առևտրի օբյեկտները՝ 11,2% կամ 52,4 մլրդ դրամ (տարեկան աճը՝ 11,3%), որոնց մեծ խզումով հաջորդում են սպառողական ապրանքների շուկաները՝ 3,9% կամ 18,5 մլրդ դրամ (տարեկան աճը՝ 10,8%), կրպակները՝ 1,2% կամ 5,7 մլրդ դրամ (տարեկան անկումը՝ 0,3%), և գյուղատնտեսական շուկաները՝ 0,9% կամ 4,2 մլրդ դրամ (տարեկան աճը՝ 5,7%)։

Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության կառուցվածքում գերակշռում է մեծածախ առևտուրը՝ 63,5%, որին հաջորդում է մանրածախը՝ 32,6%, իսկ մնացած 3,9%-ը բաժին է ընկնում ավտոմեքենաների առուվաճառքին։

Դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2026թ. I եռամսյակում կազմել է 378,30 դրամ/$1, իսկ մարտին՝ 377,36 դրամ/$1: