Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026 18:00
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի ծառայությունների ոլորտի աճը դանդաղել է

Հայաստանի ծառայությունների ոլորտի աճը դանդաղել է

Արմինֆո.Հայաստանում ծառայությունների ոլորտի տարեկան աճը դանդաղել է՝ նախկին 11,5%-ից հասնելով 7,4%-ի՝ 2026թ. I եռամսյակում ապահովելով 981,7 մլրդ դրամի (2,6 մլրդ դոլար) հասույթ։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, միայն մարտին ծառայությունների ոլորտի հասույթն աճել է 12,6%-ով՝ կազմելով 351,4 մլրդ դրամ (931,2 մլն դոլար)։

Տարեկան նման դինամիկան պայմանավորված է եղել գերակշռող ոլորտների՝ տեղեկատվության և կապի, ֆինանսական հատվածի, ինչպես նաև անշարժ գույքի հետ կապված գործառնությունների և առողջապահության ոլորտների աճի դանդաղմամբ։ Դրան զուգահեռ, անկում են ապրել կրթության ոլորտի ծառայությունները։

Մասնավորապես, տեղեկատվության և կապի ոլորտի կողմից մատուցված ծառայությունների տարեկան աճը դանդաղել է՝ 18%-ից հասնելով 7,2%-ի, ֆինանսական հատվածինը՝ 20,1%-ից 2,1%-ի, անշարժ գույքի հետ կապված գործառնություններինը՝ 17,4%-ից 9,6%-ի, առողջապահության ոլորտինը՝ 7,9%-ից 3,2%-ի։ Կրթության ոլորտի ծառայությունները կրճատվել են 2,3%-ով (նախորդ տարվա 5,8% աճի դիմաց)։

Մնացած ոլորտներում նկատվում է մատուցված ծառայությունների աճի տեմպերի արագացում։ Մասնավորապես, մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտն արագացրել է աճը՝ 3,8%-ից հասնելով 8%-ի, հանրային սննդի և զբոսաշրջության ոլորտը՝ 5,1%-ից 9,5%-ի, վարչարարական և օժանդակ գործունեության հատվածը՝ 9,8%-ից 20,3%-ի, մասնագիտական և գիտական գործունեությունը՝ 7,1%-ից 13%-ի։ Իսկ տրանսպորտի ոլորտում մատուցված ծառայություններն արձանագրել են 19,3% աճ (նախորդ տարվա 10,6% անկման դիմաց)։

Մատուցված ծառայությունների ծավալով առաջատարը ֆինանսական հատվածն է՝ 310,9 մլրդ դրամ (ընդհանուր ծավալի 31,7%-ը)։ Ծառայությունների ծավալով երկրորդ տեղը զբաղեցնում է տեղեկատվության և կապի ոլորտը՝ 202,7 մլրդ դրամ (ընդհանուր ծավալի 20,6%-ը)։ Երրորդ տեղում տրանսպորտի ոլորտն է՝ 114,9 մլրդ դրամ (ընդհանուր ծավալի 11,7%-ը)։ Չորրորդ տեղում հանրային սննդի և զբոսաշրջության ոլորտն է՝ 83,4 մլրդ դրամ (ընդհանուր ծավալի 8,5%-ը)։ Եվ մատուցված ծառայությունների ծավալով առաջատարների հնգյակը եզրափակում է մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտը՝ 74,8 մլրդ դրամ (ընդհանուր ծավալի 7,6%-ը)։

Դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2026թ. I եռամսյակում կազմել է 378,30 դրամ/$1, իսկ մարտին՝ 377,36 դրամ/$1: