
Արմինֆո.Իրանից Հայաստան հեղուկ գազի մատակարարման խնդիրը լուծված է, և առաջիկա օրերին իրանական գազը կրկին մուտք կգործի հայկական շուկա։ Այս մասին մայիսի 13-ին Ապարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ լրագրողներին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ այդ մասին իրեն երեկ հայտնել է Իրանում Հայաստանի առևտրական կցորդը։ «Դա նշանակում է, որ առաջիկա օրերին իրանական հեղուկ գազը կմտնի հայկական շուկա, ինչն իր ազդեցությունը կունենա գների նվազման վրա», - նշել է Պապոյանը։
Նա ընդգծել է, որ ռուսական հեղուկ գազը ներկայումս Հայաստան է հասնում անխոչընդոտ, սակայն Ռուսաստանում հեղուկ գազի գների աճն ու արտահանման պետական տուրքի սահմանումն իրենց անդրադարձն են ունեցել նաև Հայաստանի գների վրա։
«Հույս ունեմ, որ իրանական գործոնն իր ազդեցությունը կունենա մեզ մոտ գների նվազման վրա», - ասել է նախարարը՝ հավելելով, որ կարճաժամկետ հեռանկարում գների նվազումը համարում է վերադարձ նախկինում գործող սակագներին։
«Հարցը մեր օրակարգում է։ Ապարանում հեղուկ գազի գինը 240 դրամ է. դա այն գինը չէ, որ պետք է լինի, այն պետք է նվազի։ Գործընթացը դանդաղ է գնում։ Եթե մեկ շաբաթ անց գինը դառնա 200 դրամ, դա ֆանտաստիկ լավ կլինի», - հայտարարել է էկոնոմիկայի նախարարը։
Ինչպես վկայում են ՀՀ մաքսային ծառայության տվյալները, 2025թ. I կիսամյակում հեղուկ գազը Հայաստան է ներկրվել հիմնականում Ռուսաստանից (99,1%) կամ ավելի քան 126 871,9 տոննա՝ ծավալի 30,6% և մաքսային արժեքի 45,6% աճով (մինչև 42,1 մլն դոլար)։ Իրանից հեղուկ գազի մատակարարումները կրճատվել են 66%-ով՝ հասնելով 553,6 տոննայի (0,4%), ընդ որում մաքսային արժեքը նվազել է 66,7%-ով՝ կազմելով 233,9 հազար դոլար։ Իրաքյան հեղուկ գազի բաժինը կազմել է 0,1% կամ 218,1 տոննա, ինչը 68,3%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից, իսկ մաքսային արժեքն աճել է 2,8 անգամ՝ հասնելով 146 հազար դոլարի։ Ավելի փոքր ծավալներով հեղուկ գազ Հայաստան է ներկրվել Ղրղզստանից, Ղազախստանից, Վրաստանից, Բելառուսից, Թուրքիայից, Չինաստանից, Գերմանիայից և Լեհաստանից։