Շաբաթ, 23 Մայիսի 2026 11:43
Ալեքսանդր Ավանեսով

Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է Հայաստանի երեք արտադրողների կոնյակների և գինիների վաճառքը

Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է Հայաստանի երեք արտադրողների կոնյակների և գինիների վաճառքը

Արմինֆո.Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է Հայաստանից ներկրված մի շարք կոնյակների և գինիների վաճառքը։ Այս մասին հայտնում է գերատեսչության կայքը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոսպոտրեբնադզորը ռուսական շուկայում հայտնաբերել է անորակ հայկական գինիներ ու կոնյակներ և հրահանգել է արտադրանքը հանել վաճառքից։ Սահմանափակումների տակ է հայտնվել հայաստանյան երեք արտադրողների արտադրանքը՝ «ՎԵԴԻ-ԱԼԿՈ», Աբովյանի կոնյակի գործարան և «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն։ Մասնավորապես, խոսքը «ՎԵԴԻ-ԱԼԿՈ»-ի կողմից արտադրված «Լեգենդներ ARNI» շարքի «Գետափ Վերնաշեն» կարմիր կիսաքաղցր գինու և «Վեդի Ալկո» սպիտակ չոր գինու մասին է։ Անորակ արտադրանքի ցանկում են ներառվել նաև Աբովյանի կոնյակի գործարանի արտադրության «Հայկական կոնյակ 5 աստղ»-ը և «Շահնազարյան» գինու-կոնյակի տան արտադրության յոթ տարեկան «Շահնազարյան XO» կոնյակը։

Գերատեսչությունը չի հստակեցրել, թե կոնկրետ որ պահանջներին չի համապատասխանում արտադրանքը։ Տեղեկատվության մեջ միայն նշվում է, որ վաճառքի կասեցման և ալկոհոլը շրջանառությունից հանելու անհրաժեշտության մասին որոշումն ուղարկվել է ներկրողներին և առևտրային կազմակերպություններին։ Ռոսպոտրեբնադզորից հայտնել են, որ իրավիճակը գտնվում է գերատեսչության վերահսկողության տակ։

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ Ռուսաստանում սահմանափակվել էր Հայաստանից ծաղիկների և «Ջերմուկ» հանքային ջրի ներկրումը։ Ռոսսելխոզնադզորը նույնպես հայտարարել էր Հայաստանից ներկրվող մրգերի և բանջարեղենի հետ կապված խնդիրների մասին։