Երկուշաբթի, 1 Հունիսի 2026 20:54
Մարիաննա Մկրտչյան

«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից կորիզավոր պտուղների և խաղողի ներկրումը

«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից կորիզավոր պտուղների և խաղողի ներկրումը

Արմինֆո. «Ռոսսելխոզնադզորն» արձանագրում է Ռուսաստան հայկական մրգերի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակիացած դեպքեր և սահմանափակում է Հայաստանից կորիզավոր պտուղների ու խաղողի ներկրումը։

«Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մեջ նշվում է, որ տեսչական մարմինը բազմիցս տեղեկատվություն է ուղարկել հայկական կողմին կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի մատակարարումների ժամանակ արձանագրված խախտումների մասին՝ կապված ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման հետ։

«Հայտնաբերումների հաճախակիացած դեպքերը վկայում են Հայաստանի գյուղատնտեսության նախարարության լուծարման հետևանքների մասին, ինչի արդյունքում կառուցվածքային բարեփոխումներով լիազորությունները վերապահվեցին Էկոնոմիկայի նախարարությանը։ Հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում Հայաստանից մատակարարվող արտադրանքը չի համապատասխանում ԵԱՏՄ և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջներին, կարելի է ենթադրել, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի և չի հաղթահարում այն լիազորությունները, որոնք նրա վրա են դրվել գյուղնախարարության օպտիմալացումից հետո», - հայտարարել են գերատեսչությունում։

«Ռոսսելխոզնադզորում» համոզված են, որ ստեղծված իրավիճակը վտանգում է Ռուսաստանի և ԵԱՏՄ տարածքի բուսասանիտարական բարեկեցությունը, ինչպես նաև Ռուսաստանում արդյունաբերական այգեգործության, պտղաբուծության և խաղողագործության պետական աջակցության ծրագրերի իրականացումը։

«Հաշվի առնելով շարադրվածը՝ 2026 թվականի հունիսի 2-ից մտցվում են ժամանակավոր սահմանափակումներ Հայաստանի Հանրապետության ծագման և առաքման կորիզավոր մշակաբույսերի պտուղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0809 կոդից՝ բալ, կեռաս, ծիրան, սալոր, դեղձ, նեկտարին) և թարմ խաղողի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0806 կոդից) ներկրման, ինչպես նաև նշված արտադրանքի դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման նկատմամբ՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը», - եզրափակել է տեսչական մարմինը։

Մայիսի 15-ին «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը բանակցություններ է վարել Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ։ Կողմերը դիտարկել են երկու երկրների իրավասու մարմինների փոխգործակցության և ռուսական շուկա հայկական բուսական ու կենդանական ծագման արտադրանքի մատակարարումների ժամանակ պահանջների պահպանման հարցերը։ Հայկական կողմի խնդրանքով «Ռոսսելխոզնադզորը» ստուգումներ է անցկացրել այն ձեռնարկություններում, որոնցից մատակարարումները դեպի Ռուսաստան կասեցվել էին՝ ենթադրաբար եվրոպական ծագման կեղծված ձկնամթերքի ներկրման կասկածանքով։

Ավելին, մայիսի 22-ից Ռուսաստանն արգելել է հայկական ծաղիկների ներկրումը երկիր, մայիսի 30-ից՝ պտուղբանջարեղենային արտադրանքինը, իսկ հունիսի 2-ից՝ կենդանի ձկան ներկրումը, բացառությամբ լիցենզիա ստացած երկու ձկնաբուծական տնտեսությունների։