
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են արտահանման ոլորտում առկա միտումներն ու առաջիկա քայլերը։
Կառավարության հաղորդագրության համաձայն, մասնավորապես, ներկայացվել են գյուղատնտեսական և այլ արտադրատեսակների արտահանման ծավալները, դիվերսիֆիկացիայի ուղղությամբ իրականացվող քայլերն ու միջոցառումները։ Անդրադարձ է կատարվել Եվրոպական միության անդամ և այլ երկրներ արտահանման աջակցության ծրագրերի ընթացքին, ներդրվող գործիքակազմերին ու մեխանիզմներին, ֆերմերային տնտեսություններին օժանդակություն ցուցաբերելու գործողություններին։
Վարչապետ Փաշինյանն անհրաժեշտ է համարել արտադրողների հետ մշտական կապի պահպանումը՝ արտահանման խթանման միջոցառումները, ծրագրերն ու քայլերը լավարկելու, խնդիրները վեր հանելու և անհրաժեշտ լուծումներ գտնելու նպատակով։ Այդ համատեքստում, երկրի ղեկավարը կարևորել է տնտեսության դիվերսիֆիկացմանը միտված գործողությունների հետևողական իրականացումն ու այդ ուղղութամբ պետություն–մասնավոր հատված սերտ համագործակցությունը։
Նշենք, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ պտուղ-բանջարեղենային արտադրանքի մա0տակարարման ոլորտում առեւտրային դիմակայությունը վերաճել է լայնամասշտաբ արգելքի․ 2026 թվականի հունիսի 12-ից Ռուսաստանը արգելք է սահմանել Հայաստանից կարանտինի ենթակա ողջ արտադրանքի (մրգեր, բանջարեղեն, հատապտուղ, ընկույզ) ներմուծման եւ տարանցման նկատմամբ, դա բացատրելով վնասատուների հայտնաբերմամբ և բուսասանիտարական վերահսկողության նկատմամբ դժգոհությամբ։ Արգելքը տարածվել է ողջ բանջարեղենի (ներառյալ լոլիկ եւ վարունգ), մրգի (ծիրան, դեղձ, կեռաս, խաղող), հատապտուղների, կանաչեղենի, ինչպես նաև չորացրած մրգերի եւ ընկույզի վրա։ "Ռոսսելխոզնադզոր"-ը հայտարարել է համակարգված խախտումների և ստացված չրերում և լոլիկում վտանգավոր վնասատուի ՝ կապրային բզեզի հայտնաբերման մասին, ինչը վտանգի տակ է դնում ՌԴ գյուղատնտեսությունը: Ի պատասխան ՝ Հայաստանում սկսել են արտահանման համար նոր ուղղություններ փնտրել։