
Արմինֆո.Հայկական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման սահմանափակումները կապված են ոչ թե քաղաքականության, այլ արտադրողների մոտ որակի արդյունավետ վերահսկողության բացակայության հետ։ «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը:
Նրա խոսքով՝ Հայաստանի խնդիրը նախևառաջ արտադրության և վերահսկողության կազմակերպման մեջ է։ «Այնտեղ մեծ թվով մանր ֆերմերներ կան, որոնք արտադրանք են աճեցնում և արտահանում։ Սակայն արտադրության և բեռնառաքման միջև փաստացի բացակայում է ներքին վերահսկողության և կոոպերացիայի համակարգը։ Հազարավոր կապ հազարատերևներ հավաքվում են մեկ մեքենայի մեջ, որից հետո վերահսկող մարմինները պետք է ստուգեն արտադրանքի հսկայական ծավալներ։ Ֆիզիկապես դա անհնար է։ Մենք անընդհատ ասում ենք մեր գործընկերներին, որ վերահսկողությունը պետք է սկսվի ոչ թե սահմանին, այլ անմիջապես արտադրության փուլում։ Երբ կա կոոպերացիա, արտադրական վերահսկողություն, արտադրողների միավորումների պատասխանատվություն, այդ ժամանակ համակարգն արդյունավետ է աշխատում։ Հենց դա է այսօր պակասում։ Ուստի սահմանափակումների պատճառները գտնվում են արտադրանքի որակի և անվտանգության, այլ ոչ թե քաղաքականության հարթությունում»,- նշել է «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարը՝ հավելելով, որ հերթական խախտման դեպքում գերատեսչությունն այն գնահատում է ոչ թե առանձին, այլ մատակարարի ողջ նախորդ աշխատանքի համատեքստում։ Հենց այդ պատճառով սահմանափակումներն ամենից հաճախ մտցվում են կոնկրետ ձեռնարկությունների, այլ ոչ թե ամբողջ երկրների նկատմամբ։ Եթե խնդիրը համակարգային բնույթ է կրում, այդ ժամանակ արդեն սկսվում է պետությունների վերահսկողական ծառայությունների միջև աշխատանքը։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ից «Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակել է Հայաստանից բոլոր տեսակի կարանտինային արտադրանքի ներկրումը և դրա տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։