
Արմինֆո.Գերմանական «Monolith» ընկերությունը հետաքրքրված է հայկական շուկայով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Monolith North» («Մոնոլիտ Նորդ») ընկերության ստորաբաժանումներից մեկի ղեկավարներ Արթուր Շտայնհաուերին և Վլադիմիր Մարտինովիչին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ագրոպարենային արտադրանքի արտահանման ներուժին, ինչպես նաև հայաստանյան արտադրողների և գերմանական առևտրային ցանցերի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններին վերաբերող հարցեր։
Արման Խոջոյանը ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղությունները։ Նա ընդգծել է խոշոր միջազգային առևտրային ցանցերի հետ համագործակցության զարգացման կարևորությունը՝ որպես արտաքին շուկաներում հայկական արտադրանքի առաջմղման և արտահանման ծավալների աճի հիմնական պայման։ Փոխնախարարն անդրադարձել է նաև Հայաստանի վերամշակող արդյունաբերության հնարավորություններին՝ ներկայացնելով այս ոլորտի ընկերությունների արտադրական ներուժը, միջազգային չափանիշներին ու որակի ստանդարտներին դրանց համապատասխանության մակարդակը, ինչպես նաև արտահանման փորձը։
«Մոնոլիտ Նորդ»-ի ղեկավարները հետաքրքրվածություն են հայտնել հայկական վերամշակված պտուղբանջարեղենային արտադրանքի, մասնավորապես՝ պահածոների ներմուծման և իրացման հնարավորություններով։ Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտի տնտեսվարող սուբյեկտների հետ հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ՝ համագործակցության հնարավոր ուղղությունները և կոնկրետ գործնական քայլերը հստակեցնելու նպատակով։
Նշենք, որ «Monolith» ընկերությունների խումբը, որն սպասարկում է շուրջ 4 000 հաճախորդի, դասվում է Գերմանիայի առաջատար մեծածախ մատակարարների շարքին, որոնք մասնագիտացած են Արևելյան Եվրոպայից ընտրված դելիկատեսների ներմուծման և դիստրիբյուցիայի մեջ։ Այսօր «Monolith» ընկերությունների խմբի վեց մասնաճյուղերում աշխատում է ավելի քան 750 աշխատակից, իսկ հոլդինգի շրջանառությունը վերջին տարիներին հասել է 800 միլիոն եվրոյի։
Լինելով մեծածախ առևտրի ոլորտում մասնագիտացված ընկերություն՝ հոլդինգը (որը ներառում է Monolith International, North, South, Middle, ինչպես նաև Monolith West և East ստորաբաժանումները) ապահովում է հաճախորդներին սննդամթերքով և ոչ պարենային ապրանքներով ողջ Եվրոպայում։ Բացառիկ տեսականին ներառում է շուրջ 6 000 անուն ապրանք և առաջարկում է լայն ընտրություն՝ ավանդական արևելաեվրոպական քաղցրավենիքից և ըմպելիքներից մինչև մսի, երշիկեղենի և ձկնամթերքի արտադրանք։