
Արմինֆո.«FlyOne Armenia» ավիաընկերությունն իր ավիապարկը համալրել է երկու օդանավով՝ «Airbus A320» և «Airbus A321»։ Այս մասին հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Նոր «Airbus A321»-ը, որը նախատեսված է 220 ուղևորի համար, համարվում է իր դասի առաջատարներից մեկը։ Օդանավն աչքի է ընկնում վառելիքի բարձր արդյունավետությամբ, շահագործման ճկունությամբ և ուղևորների համար հարմարավետության բարձր մակարդակով։
Նոր օդանավերի ներդրմամբ «FlyOne Armenia»-ի ավիապարկն ավելացել է՝ հասնելով 11-ի։
Այս կապակցությամբ տեղի է ունեցել նոր «A321» հանրանավի դիմավորման խորհրդանշական արարողությունը։ Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև ավիաընկերության «Sil Technics» տեխնիկական սպասարկման կենտրոնի բացման արարողությունը։
Հիշեցնենք, որ «FLYONE ARMENIA»-ն (www.flyone.am) Հայաստանի առաջատար ավիափոխադրողն է։ Հիմնադրվել է 2021 թվականին։ Ավիաընկերության պարկը բաղկացած է «Airbus A320» և «Airbus A319», իսկ այժմ նաև՝ «Airbus A321» օդանավերից։ Դրանք համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA-ի անվտանգության բոլոր չափանիշներին։ Ավիաընկերությունը չվերթեր է իրականացնում ԱՊՀ երկրների, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ուղղություններով՝ շուրջ քսաներեք ուղղությամբ, որոնց թիվն աստիճանաբար ավելանում է։ Իր գործունեության ընթացքում փոխադրողը սպասարկել է ավելի քան երեք միլիոն ուղևորի։