
Արմինֆո. Հունիսի 20-ին Հայաստան կուղարկվի ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ։ Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ընդհանուր առմամբ, տարանցման ենթակա է ռուսական հացահատիկով բեռնված 7 վագոն՝ 490 տոննա ընդհանուր քաշով։ Հարկ է նշել, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել արդեն ավելի քան 29 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 7 հազար տոննա պարարտանյութ, 414 տոննա անտրացիտ (քարածխի տեսակ), 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։ Բացի տարանցիկ փոխադրումներից, Ադրբեջանից Հայաստան է արտահանվում նավթամթերք։ Այսօրվա դրությամբ Ադրբեջանից Հայաստան է մատակարարվել ավելի քան 13 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 բենզին և 2955 տոննա ԱԻ-95 բենզին: