Երեքշաբթի, 23 Հունիսի 2026 11:59
Ալեքսանդր Ավանեսով

ՊԵԿ․ հուլիսի 1-ից որոշ ապրանքների համար մաքսային մարմիններին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ

ՊԵԿ․ հուլիսի 1-ից որոշ ապրանքների համար մաքսային մարմիններին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ

Արմինֆո.ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2026 թվականի ապրիլի 2-ի հրամանի համաձայն՝ 2026 թվականի հուլիսի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող և «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող որոշ ապրանքների համար մաքսային մարմիններին անհրաժեշտ է ներկայացնել նաև համապատասխանության գնահատման փաստաթուղթ։

Համաձայն հաղորդագրության՝ պահանջը տարածվում է հետևյալ տեխնիկական կանոնակարգերի շրջանակներում ներմուծվող ապրանքների վրա՝ օծանելիք և կոսմետիկական արտադրանք (Մաքսային միության որոշում 009/2011), մրգերից և բանջարեղենից ստացված հյութային արտադրանք (Մաքսային միության որոշում 023/2011), հատուկ նշանակության սննդամթերքի որոշ տեսակներ, ներառյալ՝ բուժական և կանխարգելիչ դիետիկ սնունդ (Մաքսային միության որոշում 027/2012), ծխախոտային արտադրանք (Մաքսային միության որոշում 035/2014), շշալցված խմելու ջուր, ներառյալ՝ բնական հանքային ջուր (Մաքսային միության որոշում 044/2017)։

Հարկ է նշել, որ նշված տեխնիկական կանոնակարգերը նոր չեն և արդեն իսկ գործում են ԵԱՏՄ տարածքում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում։ Փոփոխությունը վերաբերում է նրան, որ 2026 թվականի հուլիսի 1-ից նշված ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմիններին պետք է ներկայացվի նաև համապատասխանության գնահատման փաստաթուղթ։

ՊԵԿ-ը հորդորում է ներմուծողներին նախապես ճշտել իրենց արտադրանքին ներկայացվող պահանջները, ժամանակին ձեռք բերել համապատասխանության գնահատման անհրաժեշտ փաստաթղթերը և հայտարարագիրը ներկայացնելիս կցել դրանք։