Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026 14:20
Ալինա Հովհաննիսյան

Մխիթար Հայրապետյանը՝ Գագարինի արհեստական բանականության տվյալների կենտրոնի մասին. Սա ոչ թե հանկարծակի բեկում է, այլ բազմամյա հետևողական աշխատանքի արդյունք

Մխիթար Հայրապետյանը՝ Գագարինի արհեստական բանականության տվյալների կենտրոնի մասին. Սա ոչ թե հանկարծակի բեկում է, այլ բազմամյա հետևողական աշխատանքի արդյունք

Արմինֆո.«Մենք այս կետին հասել ենք քայլ առ քայլ՝ սխալների և շարունակական ջանքերի միջով. այս նախագիծը հանկարծակի բեկում չէ, այլ բազմամյա հետևողական աշխատանքի արդյունք է», - Forbes պարբերականին տված հարցազրույցում նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ մեկնաբանելով Գագարինում արհեստական բանականության (ԱԲ) տվյալների մշակման նոր կենտրոնի (ՏՄԿ) գործարկումը, որը հագեցած է NVIDIA Blackwell առաջատար գրաֆիկական պրոցեսորներով:

«Եվ այն փաստը, որ մենք չէինք վախենում ձախողվելուց, այսօրվա հաջողության նախապայմաններից մեկը դարձավ», - ընդգծել է նա:

Նախարարը նկատել է, որ ամեն ինչ սկսվել է 2019 թվականին Սիլիկոնյան հովտում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և NVIDIA-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի փոխգործակցությունից և շարունակվել է 2023 թվականին Հուանգի՝ Հայաստան կատարած այցով։ Հայրապետյանի խոսքով՝ այդ քննարկումները կենտրոնացած են եղել ոչ միջայն արհեստական բանականության, այլև դրա զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ու կարողությունների ստեղծման վրա։

Նա նաև հավելել է, որ 2025 թվականին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արհեստական բանականության և կիսահաղորդչային նորարարությունների ոլորտում համագործակցության մասին ստորագրված հուշագիրն այս ջանքերին հաղորդել է ավելի լայն դիվանագիտական և կոմերցիոն շրջանակներ։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ներկայիս ձեռքբերումները փորձարկումների, ինստիտուցիոնալ զարգացման և հետևողական աշխատանքի երկարատև գործընթացի արդյունք են։

Պարբերականը նշում է, որ Հայաստանը ձգտում է էլեկտրաէներգիան, ինժեներական ներուժը և հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի։ Ըստ հրապարակման՝ ՏՄԿ-ում տեղադրված են 512 NVIDIA Blackwell B300 պրոցեսորներ, որոնք հանդիսանում են այսօրվա դրությամբ արհեստական բանականության համար ամենահզոր սարքավորումային լուծումներից մեկը։