
Արմինֆո. Եվրասիական կապվածությունը Հայաստանի համար վերացական թեմա չէ, այլ առևտրի զարգացման և նոր հնարավորությունների իրացման գործոն։ Այս մասին հունիսի 25-ին Ալմաթիում Եվրասիական զարգացման բանկի 20-ամյակին նվիրված տարեկան համաժողովի և բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։
Նրա խոսքով՝ Հայաստանի առևտուրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կայուն կերպով աճում է։ «Վերջին հինգ տարիների ընթացքում դրա ծավալն աճել է երեք անգամ և հասել 8 միլիարդ դոլարի։ Սա ցույց է տալիս, որ եվրասիական կապվածությունը Հայաստանի համար վերացական թեմա չէ, այլ առևտրի զարգացման և նոր հնարավորությունների իրացման գործոն։ ԵԱԶԲ փոխադարձ ներդրումների մոնիտորինգի տվյալներով՝ Հայաստանը նաև առաջատար է եվրասիական տարածաշրջանի երկրներից օտարերկրյա ներդրումների ներգրավման տեմպերով։ 2020-2025 թվականներին դրանց ծավալն աճել է 78%-ով, ինչը հինգ անգամ ավելի արագ է տարածաշրջանի միջին ցուցանիշից»,- նշել է Պոդգուզովը։
Նրա խոսքով՝ այս դինամիկայում իր գործնական ներդրումն ունի նաև Եվրասիական բանկը։ Այս համատեքստում նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վերջին չորսուկես տարվա ընթացքում բանկի ներդրումները Հայաստանում կազմել են 380 միլիոն դոլար։ «Սա 30%-ով ավելի է երկրում ներդրումների գծով մեր հնգամյա ռազմավարական կողմնորոշիչից։ Այս ամենը ցույց է տալիս, թե ինչպես են ներդրումների կապվածությունն ու զարգացման ինստիտուտների աշխատանքը վերածվում երկրի համար կոնկրետ հնարավորությունների»,- ամփոփել է Պոդգուզովը։