Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026 15:44
Կարինա Մելիքյան

ՀԲ կանխատեսում. Հայաստանի տնտեսությունը 2022-2025թթ. բացառիկ ուժեղ վերականգնողական աճի փուլից անցնում է 2026 թվին 5,3% աճի ավելի չափավոր հետագծի

ՀԲ կանխատեսում. Հայաստանի տնտեսությունը 2022-2025թթ. բացառիկ ուժեղ վերականգնողական աճի փուլից անցնում է 2026 թվին 5,3%  աճի ավելի չափավոր հետագծի

Արմինֆո. Համաշխարհային բանկի կանխատեսմամբ ՝ Հայաստանի տնտեսությունը 2022-2025թթ. աճի բացառիկ ուժեղ վերականգնման փուլից անցնում է 2026 թվին 5,3% աճի ավելի չափավոր հետագծի (2022թ. փաստացի 12,6%-ի , 2023թ. ՝ 8,3% - ի, 2024թ. ՝ 5,9% - ի և 2025թ. ՝ 7,1% - ի դիմաց) և 2028 թվին կմոտենա 5%-ի։ Այդ դանդաղումը կապված է սպառման և ներդրումների մակարդակի նորմալացման հետ ՝ դրանց կտրուկ աճից հետո, ինչպես նաև 2022 թվականին սկսված վերաարտահանման թռիչքից էֆեկտի աստիճանական մարման հետ։ Այս մասին նշվում է ՀԲ-ի "Հայաստանի տնտեսական զարկերակը. աղքատության մակարդակը նվազեցնող աճի ձգտում ավելի արդյունավետ ֆիսկալ քաղաքականության օգնությամբ" հուլիսյան զեկույցում:

 

ՀԲ-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ գնաճային ճնշումները վերջին շրջանում ուժեղացել են և աճող գլոբալ լարվածության ֆոնին կարճաժամկետ հեռանկարում կարող են էլ ավելի սրվել: ՀԲ-ի սպասումներով ՝ 2026 թվականին գնաճը կհասնի գագաթնակետին ՝ 4,6 տոկոսի մակարդակում, որից հետո միջնաժամկետ հեռանկարում կնվազի մինչև 3,3 տոկոս: Կարճաժամկետ հեռանկարում առաջիկա ամիսներին սպասվում է գնաճային ճնշման ուժեղացում, ինչը մասամբ արտացոլում է Մերձավոր Արևելքում հակամարտության հնարավոր հետևանքները: Գնաճի կանխատեսումը պայմանավորված է համաշխարհային գների ավելի բարձր մակարդակով, մասնավորապես, նավթի գների անկայունությամբ, որը, ինչպես սպասվում է, առաջարկի ուղիներով սպառողական ապրանքների վրա լայնածավալ գնային ճնշում կառաջացնի: Բազային սցենարը ենթադրում է էներգակիրների համաշխարհային մատակարարումների ժամանակավոր ընդհատումներ ՝ կապված 2026 թվականի փետրվարի վերջին Մերձավոր Արևելքում սկսված հակամարտության հետ, ինչը կհանգեցնի գների աճի ամբողջ տարվա ընթացքում։ Ըստ գնահատականների ՝ Brent մակնիշի նավթի և պարարտանյութերի գների միջին աճը կկազմի, համապատասխանաբար, 36% և 20%, ընդ որում, այս կանխատեսումը նախկինի պես բնութագրվում է զգալի անորոշությամբ:

 

ՀԲ-ի կանխատեսմամբ ՝ պետբյուջեի պակասուրդի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2026 թվականին փոքր-ինչ կաճի՝ մինչեւ 3,9 տոկոս (2025 թվականի 3,5 տոկոսից), ինչը մասամբ արտացոլում է կենսաթոշակների բարձրացումը, որն ուժի մեջ է մտել 2026 թվականի ապրիլից ։ Բայց հետագայում այդ ցուցանիշը 2028 թվականին աստիճանաբար կնվազի մինչև 3,6%՝ ցույց տալով կառավարության հավատարմությունը ֆիսկալ համախմբման գծին:

 

ՀԲ-ի սպասումներով ՝ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2025 թվականի 48% - ից մինչև 46,8% անկումից հետո 2026 թվականին կաճի մինչև 50%, այնուհետև 2027-2028 թվականներին կպահպանվի 51,3% մակարդակում, ինչը փոքր-ինչ կգերազանցի բյուջեում ամրագրված 50% շեմը և կպահանջի համախմբման հուսալի միջոցների ձեռնարկում։ Չնայած ֆիսկալ համախմբման ծրագրված հետագծին՝ ՀԲ-ի կանխատեսմամբ, առաջիկա տարիներին սպասվում է պարտքի մակարդակի աճ, ինչը մասամբ արտացոլում է կայունացման հիմնադրամի համալրումը եւ վարկավորման սուբսիդավորման (on-lending) գործողությունների շարունակությունը:

 

Ընթացիկ հաշվի դեֆիցիտի հարաբերակցությունը ՀՆԱ - ի նկատմամբ, 2025 թվականի նկատելի աճից հետո ՝ 4,6% - ից մինչև 7,2%, ՀԲ-ի կանխատեսմամբ, աստիճանաբար կկրճատվի ՝ 2026 թվականին մինչև 5,6%, 2027 թվականին մինչև 5,2% ,և 2028 թվականին՝ մինչև 4,8%, ինչին կնպաստեն առևտրային հոսքերի նորմալացումը և արտահանման ներուժի աճը ։ Տվյալ հիմնական կանխատեսումն արդեն հաշվի է առնում Մերձավոր Արևելքում այսօր պահպանվող լարվածության ազդեցությունը էներգակիրների գների վրա ։ Բացի այդ, հակամարտության հնարավոր էսկալացիան իրենից ներկայացնում է առանցքային նվազող ռիսկ, որը կարող է էապես վատթարացնել տնտեսական աճի, գնաճի ցուցանիշները, ինչպես նաև պետական ֆինանսների և արտաքին տնտեսական հաշիվների վիճակը: "Հայաստանի տնտեսության համար լրացուցիչ ռիսկեր են ներառում են Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության աճը եւ արտահանման սահմանափակումները, իսկ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ չլուծված սահմանային հարցերը կարող են նվազեցնել ներդրողների վստահությունը։ Այս գործոնները կարող են հանգեցնել ներդրումային որոշումների կայացման հետաձգման՝ չնայած հարաբերությունների կարգավորման գործում առաջընթացին: Սակայն, հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորման հետագա առաջընթացի դեպքում, ավելի խորը տարածաշրջանային ինտեգրումը եւ ռազմավարական ներդրումային պարտավորությունները կնպաստեն ավելի ուժեղ արդյունքների հասնելուն, քան՝      նախատեսված է բազային սցենարում", - նշվում է ՀԲ-ի  զեկույցում:

 

Հայաստանի գլոբալ և տարածաշրջանային համատեքստը

 

Գլոբալ համատեքստ Համաշխարհային տնտեսությունը մուտք է գործել 2026 թվական ՝ աճող անորոշության պայմաններում, որն արտացոլում է մի քանի համընկնող ցնցումների միաձուլումը: Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը, որը սկսվել է 2026 թվականի փետրվարի վերջից, հրահրել է հումքային ապրանքների գների մասշտաբային արձագանքը. Brent մակնիշի նավթը բարձրացել է 100 դոլարից՝ մեկ բարելի դիմաց, պարարտանյութերի գներն աճել են մոտ 20 տոկոսով, իսկ բնական գազի գները կտրուկ բարձրացել են։ Դա հանգեցրել է արտադրության ծախսերի աճին՝ մատակարարման ողջ շղթայում, և նպաստել է աշխարհի խոշորագույն տնտեսությունների առևտրային քաղաքականության մեջ ավելի զգուշավոր, իսկ որոշ դեպքերում ՝ անկանխատեսելի դիրքերի ձևավորմանը։ Այս ֆոնին Համաշխարհային բանկը 2026 թվականին համաշխարհային տնտեսության աճի դանդաղում է կանխատեսում, ընդ որում, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում (ԵԿԱ) աճի տեմպերը 2025 թվականի 2,6 տոկոսից 2026 թվականին կնվազեն մինչեւ 2,1 տոկոս:

 

Հայաստանի հիմնական առևտրային գործընկերները բախվում են սեփական յուրահատուկ դժվարությունների․ Ռուսաստանը շարունակում է հաղթահարել Ուկրաինայում ձգձգված հակամարտության և դրա հետ կապված պատժամիջոցների տնտեսական հետևանքները, մինչդեռ, ԵՄ-ը պայքարում է արդյունաբերական ակտիվության նվազման, թույլ ներդրումների և առևտրի մասնատման հետևանքների դեմ։ ՀԲ-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այդ ցնցումների մասշտաբներն ու տեւողությունը մնում են անորոշ, եւ կանխատեսումը կարող է էապես փոխվել ՝ կախված աշխարհաքաղաքական իրադարձությունների զարգացումից:

 

Տարածաշրջանային համատեքստ. Հայաստանի ամենամերձավոր տարածաշրջանային շրջապատը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն ամրագրված էր 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնի գագաթաժողովով և դրան հաջորդած վստահության ամրապնդման միջոցառումներով, սկսել է փոխել առևտրի և լոգիստիկայի կառուցվածքը. 2025 թվականի վերջին բացվել են նոր տարանցիկ երթուղիներ Ադրբեջանի տարածքով (բեռների առաջին նման տարանցումը վերջին տասնամյակների ընթացքում)։ "Եթե վերջնական խաղաղության համաձայնություն ձեռք բերվի, դա կարող է աստիճանաբար նպաստել Հայաստանի տարանցիկ եւ առեւտրային կապերի դիվերսիֆիկացմանը ՝ լրացնելով Վրաստանի տարածքով նրա գոյություն ունեցող միջանցքը եւ ընդլայնելով հասանելիությունը տարածաշրջանային շուկաներին։ Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որն ուղղված է տնտեսության և անվտանգության ոլորտում իր գործընկերների դիվերսիֆիկացմանը և ԵՄ-ի հետ փոխգործակցության խորացմանը, կարող է ունենալ բացասական տնտեսական հետևանքներ, որոնք դեռևս ի հայտ են գալիս, հատկապես, հաշվի առնելով Ռուսաստանի հետ Հայաստանի առկա տնտեսական կապերի խորությունը: Իրանը, որը բախվում է միջազգային պատժամիջոցների սահմանափակումներին, ներկայումս առաջարկում է տարանցիկ որոշ տարբերակներ", - նշվում է ՀԲ-ի զեկույցում:

 

Հայաստանի տնտեսության վրա ազդեցության փոխանցման ուղիները

 

Գլոբալ և տարածաշրջանային տնտեսական գործընթացները Հայաստանի վրա ազդում են մի շարք հաղորդման ուղիներով (transmission channels) ՝ արտաքին ցնցումները տեղափոխելով ներքին տնտեսություն։ Այս մեխանիզմները, ՀԲ-ի գնահատմամբ, ընդգրկում են մի քանի գործոններ․

 

- Էներգակիրների գները. Հայաստանը հեղուկ վառելիքի գրեթե երկու երրորդը ներմուծում է Ռուսաստանից և աճող ծավալներով ՝ Ադրբեջանից, էներգակիրների համաշխարհային գների կտրուկ թռիչքները մեծացնում են ներմուծման արժեքը և մեծ ճնշում են գործադրում ներքին տրանսպորտային սակագների և արտադրական ծախսերի վրա, թեև Հայաստանի երկարաժամկետ պայմանագիրը "Գազպրոմի" (Ռուսաստան) հետ՝ ֆիքսված գնով բնական գազի մատակարարման վերաբերյալ, մասնակի պաշտպանություն է ապահովում գազի գնի ցնցումներից;

 

- Պարենամթերքի գները և մատակարարման շղթաները. պարենամթերքի համաշխարհային գների գնաճն ուղղակիորեն փոխանցվում է՝ սրվելով ռուբլու ամրապնդմամբ, որը բարձրացնում է Ռուսաստանից (Հայաստան պարենամթերքի հիմնական մատակարար) ՀՀ դրամով սննդամթերքի ներմուծման արժեքը: Պարարտանյութերի ավելի բարձր գները նույնպես ազդում են գյուղատնտեսական արտադրության ծախսերի վրա;

 

- Դրամական փոխանցումներ. Ռուսաստանին բաժին է ընկնում 2026թ. առաջին եռամսյակում դրամական փոխանցումների զուտ ներհոսքի մոտ 54% - ը, և ռուսական տնտեսության աճի տեմպերի դանդաղումը ուղղակիորեն կկրճատի եկամտի այդ կարևորագույն աղբյուրը հայաստանյան տնային տնտեսությունների համար;

 

-Առևտրի նորմալացում. սարքավորումների (2023-2024թթ.), ինչպես նաև թանկարժեք մետաղների և քարերի (2024-2025թթ. երկրորդ կիսամյակ) վերաարտահանման անկումը, որը դարձել է ապրանքների առևտրի հավասարակշռության վատթարացման գլխավոր գործոնը, արտացոլում է Հայաստանի տարածքով տարանցիկ առևտրի պահանջարկի նվազումը հետճգնաժամային թռիչքից հետո՝ Ռուսաստանում տնտեսական ակտիվության նորմալացմանը զուգընթաց, ինչը զուգորդվում է Ռուսաստանի կողմից թանկարժեք մետաղների արտահանման մաքսատուրքի վերացման հետ, որը սահմանվել էր 2023 թվականի վերջին;

 

- Լոգիստիկա և տրանսպորտային կապակցվածություն. Մերձավոր Արևելքում հակամարտության առնչությամբ օդային հաղորդակցության, ծովային նավագնացային երթուղիների խափանումները և առևտրային հոսքերի ուղղությունների փոփոխությունը մեծացնում են լոգիստիկ ծախսերը Հայաստանի տնտեսության համար, որն առանց այդ էլ ելք չունի դեպի ծով, և ունի սահմանափակ թվով տարանցիկ միջանցքներ: 2025 թվականի նոյեմբերից Հայաստանի և Ադրբեջանի միջև տարանցիկ երթուղու բացումը և պարբերական առևտուրը փոքր-ինչ փոխհատուցում են այդ ազդեցությունը ՝ ապահովելով այլընտրանքային միջանցք ։

 

Ինչ ռիսկեր կարող են ազդել տնտեսության աճի վրա

 

Վատագույն սցենարում աշխարհաքաղաքական լարվածության սրումը, Մերձավոր Արևելքում հակամարտության կողմնակի ազդեցությունները, ինչպես նաև ներքաղաքական լարվածությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո կարող են զգալի նվազեցման ռիսկեր ստեղծել Հայաստանի տնտեսական աճի և մակրոտնտեսական այլ ցուցանիշների համար։ Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության աճը Հայաստանը ենթարկում է զգալի քաղաքական և սոցիալ-տնտեսական նվազման ռիսկերի ։ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ստացավ խորհրդարանական մեծամասնություն: Դա հաստատել է անվտանգության եւ տնտեսական կապերի ոլորտում իր գործընկերների դիվերսիֆիկացման, ինչպես նաեւ Ռուսաստանից կախվածության նվազեցման Հայաստանի կուրսը, որից ներկայումս խիստ կախված է՝ նախկինի պես: Հայաստանի էներգետիկ ոլորտը խորապես կախված է Ռուսաստանից, ընդ որում, ՌԴ-ին բաժին է ընկնում Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 36% - ը, օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի 33% - ը, և զբոսաշրջային ժամանումների ընդհանուր թվի 41% - ը: Այս համատեքստում, ինչպես նաև անցած ընտրությունների արդյունքում ներքաղաքական լարվածությունը կարող է պահպանվել և որոշակի աստիճանի անկայունություն հրահրել։

 

Այս գործոնները բացասաբար են ազդում վստահության վրա, կարող են հանգեցնել մասնավոր հատվածի կողմից ներդրումային որոշումների հետաձգման, և կարող են կարճաժամկետ հեռանկարում նվազեցնել պետական քաղաքականության կանխատեսելիությունը: Միևնույն ժամանակ, չնայած Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման գործում զգալի առաջընթաց է գրանցվել, չլուծված սահմանային հարցերը շարունակում են ստեղծել նվազման ռիսկեր ՝ ազդելով ներդրողների տրամադրությունների և բյուջետային առաջնահերթությունների կառուցվածքի վրա, ինչպես նաև հետաձգելով վերջնական ներդրումային որոշումների ընդունումը: Այս ներքին և տարածաշրջանային գործոնները, զուգորդված գլոբալ անորոշության և ավելի խիստ ֆինանսական պայմանների հետ, կարող են թուլացնել արտաքին պահանջարկը, սահմանափակել կապիտալի ներհոսքը և հանգեցնել տնտեսական աճի ավելի չափավոր ցուցանիշների: Մերձավոր Արևելքի հակամարտությունը նույնպես ավելի ու ավելի էական արտաքին ցնցում է՝ Հայաստանի տնտեսության վրա ազդեցության փոխանցման բազմաթիվ ուղիներով։ Երկարատև էսկալացիան կարող է հանգեցնել նավթի և պարենի կայուն բարձր գների, խաթարել մատակարարման շղթաները և փոխել առևտրային հոսքերի ուղղությունները, հատկապես, հաշվի առնելով Հայաստանի կախվածությունը սահմանափակ լոգիստիկ միջանցքներից և խոցելիությունը Իրանի հետ կապված տարանցիկ երթուղիներում: Այս ցնցումները կարող են մեծացնել ներմուծման արժեքը, բարձրացնել գնաճը, նվազեցնել իրական եկամուտները և բացասական ազդեցություն ունենալ առևտրի, զբոսաշրջության և ներդրումների վրա: Թեև կարճաժամկետ հետևանքները կարող են սահմանափակ մնալ անցողիկ հակամարտության դեպքում, դրա ձգձգվող բնույթը կամրապնդի ներմուծումից կախված տնտեսության մակրոտնտեսական խոցելիությունը:

 

Դրական կողմից՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, ավելի խորը տարածաշրջանային ինտեգրումը և ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից նոր ռազմավարական ներդրումային պարտավորությունները կարող են նպաստել ավելի արագ տնտեսական աճին: Հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհին հետագա առաջընթացը կարող է նվազեցնել աշխարհաքաղաքական ռիսկերը և աջակցել ավելի ակտիվ ներդրումային, առևտրային և զբոսաշրջային հոսքերին: Տարածաշրջանային տրանսպորտային կապի զարգացումը, մասնավորապես, այնպիսի ռազմավարական նախաձեռնությունների գործնական իրականացման շնորհիվ, ինչպիսին է TRIPP-ի իրականացման շրջանակային ծրագիրը, կարող է ուժեղացնել Հայաստանի ՝ որպես տարանցիկ և առևտրային հանգույցի դերը՝ նպաստելով արտահանման դիվերսիֆիկացմանը և ներդրումների հոսքին: Միջնաժամկետ հեռանկարում Եվրոպայի հետ ինտեգրման խորացումը, նոր ռազմավարական ներդրումային պարտավորությունները և արտաքին տնտեսական ինտեգրման բարելավումը կարող են ամրապնդել աճի հեռանկարները բազային մակարդակից այն կողմ ՝ իրացման ռիսկերի վերահսկման և աշխարհաքաղաքական բարենպաստ պայմանների պահպանման պայմանով:

 

Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը բախվում է այնպիսի համակարգային ռիսկերի, ինչպիսիք են բնակչության ծերացումը, թվայնացման հետ կապված փոփոխությունները և "կանաչ" անցումը. այս ամենը կարող է բացասաբար ազդել աղքատության և անհավասարության մակարդակի վրա: Բնակչության ծերացումը նոր ռիսկեր է ստեղծում առողջապահական համակարգի կադրային ներուժի համար, ընդ որում, Հայաստանում գրանցվում է առողջապահության ոլորտում թափուր պաշտոնների ավելի բարձր մակարդակ, քան՝ երկրի միջինը: Բացի այդ, բնակչության ծերացումը կփոխի աշխատաշուկայի կառուցվածքը ՝ պահանջարկը տեղափոխելով առավելապես տարիքի հետ կապված ծառայություններ, ինչպիսիք են անձնական խնամքը և սոցիալական աջակցությունը: Ակնկալվում է, որ գեներատիվ արհեստական բանականությունը և "կանաչ" անցումը կառնչվեն աշխատատեղերի զգալի մասնաբաժնին, մինչդեռ, աշխատաշուկայում առաջարկը բնութագրվում է թվային և "բնապահպանական" հմտությունների զգալի պակասով: Սա դժվարացնում է աշխատողների անցումը աճող զբաղվածության ոլորտներ և պոտենցիալ վատթարացնում է աշխատաշուկայի ցուցանիշները: Առանց նպատակային միջամտությունների և հետեւանքների մեղմացման միջոցառումների՝ այս տեղաշարժերը կարող են խորացնել գործազրկությունը, վատթարացնել մարդկային կապիտալի զարգացման ցուցանիշները և բացասաբար ազդել աղքատության և անհավասարության կրճատմանն ուղղված ջանքերի վրա: