
Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) տեղի է ունեցել ավանդական զանգի արարողությունը, որն այս անգամ ազդարարել է երկրի առաջատար ներդրումային ընկերություններից մեկի՝ «Կուբ Ինվեսթ»-ի մուտքը պարտատոմսերի շուկա՝ առաջին անգամ որպես թողարկող։
Դա աննախադեպ իրադարձություն է երկրի կապիտալի շուկայում, քանի որ «Կուբ Ինվեսթ»-ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը Հայաստանում, որի պարտատոմսերը ցուցակվել են ֆոնդային բորսայում: Այս իրադարձությունը ոչ միայն ընդլայնում է բորսայում ներկայացված թողարկողների շրջանակը, այլև նոր հնարավորություններ է բացում ֆինանսական հատվածի ընկերությունների համար կապիտալի շուկայի միջոցով ֆինանսավորում ներգրավելու և իրենց գործունեությունը զարգացնելու համար:
Նշենք, որ «Կուբ Ինվեսթ»-ի պարտքային արժեթղթերի թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 5 մլրդ դրամ (50 հազ.պարտատոմս ' 100 հազ. դրամ անվանական արժեքով): Շրջանառության ժամկետը 36 ամիս է, կտրոնի տարեկան եկամտաբերությունը հիբրիդային է. առաջին վեց ամիսների ընթացքում հաստատագրված տոկոսադրույքը կազմում է տարեկան 10,50%, այնուհետև կգործի լողացող տոկոսադրույքը: Պարտատոմսերով հնարավոր է կատարել հասցեական և ՌԵՊՈ գործարքներ: Թողարկման տեղաբաշխումը տեղի է ունեցել 2026 թվականի սեպտեմբերի 11-ին։
Լրագրողների հետ զրույցում «Կուբ Ինվեսթ»-ի գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը պատմել է, որ թողարկումը ընկերության զարգացման երկարաժամկետ ռազմավարության փուլերից մեկն է, որը նախատեսվում է հետագայում հետևողականորեն առաջ տանել: «Դուք գիտեք, որ մենք սկսել ենք թողարկել սեպտեմբերի 11-ին և նույն օրը ամբողջությամբ տեղաբաշխել ենք պարտատոմսերը։ Այսօր մի փոքր տարօրինակ է այստեղ որպես թողարկող լինել, քանի որ, ընդհանուր առմամբ, մենք հանդես ենք գալիս որպես տեղաբաշխող և օգնում ենք ընկերություններին պարտատոմսեր թողարկել և ցուցակում անցնել բորսայում: Որպես ֆինանսական կազմակերպություն՝ մենք միշտ թափանցիկ ենք եղել, բայց մեր պարտատոմսերի տեղաբաշխումն ու ցուցակումը համարում ենք ավելի հրապարակային կազմակերպություն լինելու ևս մեկ քայլ", - ընդգծել է նա։
Ընկերությունը նախատեսում է պարտքի շուկայից ներգրավված միջոցներն ուղղել իրացվելիության ամրապնդմանը, ենթակառուցվածքների զարգացմանը և տեխնոլոգիական հնարավորությունների ընդլայնմանը: Մարգարյանը պատմել է, որ սեպտեմբերի 11-ին ընկերությունը գործարկել է բջջային հավելված, որը թույլ կտա հաճախորդներին առցանց օգտվել «Կուբ Ինվեսթ»-ի բոլոր ծառայություններից և պրոդուկտներից: «Բայց այս հավելվածը պետք է արդիականացվի, հաշվի առնելով տեխնոլոգիական զարգացումը, ԱԲ-ի առաջխաղացումը: Եվ մենք հիմա ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ։ Իսկ միջոցների մի մասը նախատեսում ենք ուղղել իրացվելիության բարձրացմանը և նոր պրոդուկտների ու ծառայությունների ներդրմանը։
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին՝ Մարգարյանը հստակեցրել է, որ խոսքը հեջավորման գործիքների մասին է, որոնք պահանջարկ ունեն շուկայում, սակայն դեռևս այդքան էլ տարածված չեն: Ընկերության ղեկավարը նշել է, որ, օրինակ, նախատեսվում է ներդնել հաճախորդների ռիսկերի հեջավորման գործիքներ, տարադրամային ֆորվարդներ եւ այլ ածանցյալ ֆինանսական գործիքներ:
Նա համոզմունք է հայտնել, որ երկրի կապիտալի շուկայի զարգացման համար կարեւոր է նաեւ ֆինանսական հատվածի ընկերությունների ակտիվ ներգրավվածությունը, բայց ոչ միայն որպես ներդրումային ծառայություններ մատուցողներ, այլեւ՝ որպես թողարկողներ: "Այս տեսանկյունից մենք մեր քայլը դիտարկում ենք ոչ միայն որպես նոր հնարավորություն ընկերության աճի համար, այլ նաեւ՝ որպես ներդրում Հայաստանի կապիտալի շուկայի ընդլայնման եւ ֆինանսավորման ներգրավման նոր հնարավորությունների ձեւավորման գործում", - ասել է գլխավոր տնօրենը:
Իր հերթին՝ Հայաստանի ֆոնդային բորսայի նախագահ Հայկ Եգանյանը ողջունել է «Կուբ Ինվեսթ»-ի պարտատոմսերի ցուցակումը: Նա նշել է, որ այն Հայաստանի առաջատար և խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկն է և կապիտալի շուկայում ակտիվ տեղաբաշխող, որն արդյունավետ և հուսալի գործընկեր է Ֆոնդային բորսայի համար: «Առաջին անգամ ներդրումային ընկերությունը հանդես է գալիս բորսայում՝ որպես պարտատոմսերի թողարկող, ընդլայնելով այն ընկերությունների շրջանակը, որոնք ֆինանսավորում են ներգրավում կապիտալի շուկայի միջոցով: Սա ֆինանսական հատվածի մյուս մասնակիցների համար կարևոր օրինակ է, որը ցույց է տալիս, որ կապիտալի շուկան կարող է ծառայել ոչ միայն որպես ներդրումային ծառայությունների մատուցման հարթակ, այլև՝ ընկերությունների ֆինանսավորման և դրանց երկարաժամկետ զարգացման արդյունավետ գործիք: Վստահ ենք, որ այս ցուցակումը կնպաստի շուկայի հետագա զարգացմանը, թողարկողների շրջանակի ընդլայնմանը և ներդրումային նոր հնարավորությունների ստեղծմանը», - ընդգծել է նա։
Միջոցառման ընթացքում նշվել է, որ նոյեմբերի 9-ից սկսած ներդրողները կարող են մասնակցել «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ պարտատոմսերով բորսայական սակարկությանը՝ դիմելով բորսայի անդամ հանդիսացող բանկերին կամ ներդրումային ընկերություններին: Պարտատոմսերը կընդգրկվեն Հայաստանի ֆոնդային բորսայի Bbond երկրորդային ցուցակում:
Հիշեցնենք, որ 2017 թվականին հիմնադրված «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ն Հայաստանում գործող ներդրումային և բրոքերային ընկերություն է, որը մատուցում է ֆինանսական ծառայություններ և հատուկ ուշադրություն է դարձնում թափանցիկությանը, ֆինանսական անվտանգությանը և հաճախորդների վստահությանը: 2022 թվականից ընկերությունը հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ, իսկ հետագա տարիներին ընդլայնել է միջազգային համագործակցությունը ՝ միանալով Եվրոպայի ֆինանսական շուկաների ասոցիացիային (AFME) և Tabadul հարթակին: Ընկերությունը, որի գործունեության հիմքում ընկած են նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը, ձգտում է ներդրումային հնարավորություններն ավելի մատչելի դարձնել հաճախորդների համար: