
Արմինֆո. Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի փոխվարչապետ Կոստիս Հաձիդակիսի հետ։
Հունաստանում ՀՀ դեսպանության տվյալներով՝ հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է հայ-հունական հարաբերությունների օրակարգը՝ անդրադառնալով երկկողմ համագործակցության խորացման ոլորտներին։ Ներկայացվել է բարձրաստիճան պաշտոնյաների վերջին Հունաստան կատարած այցերի վերաբերյալ տեղեկատվություն։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացման և հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի կողմից առաջարկվող տարածաշրջանային նախաձեռնությունները, այդ թվում՝ TRIPP նախագիծը, որպես տարածաշրջանային տնտեսական կապերի ընդլայնման և ներդրումային հնարավորությունների կարևոր գործոն։
Քննարկվել են նաև տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Դեսպանը ընդգծել է գործարար կապերի ակտիվացման կարևորությունը՝ առաջարկելով կազմակերպել հույն գործարար պատվիրակության այցը Հայաստան, որի կազմում կլինեն շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգիայի և գյուղատնտեսության ոլորտների ներկայացուցիչներ։
Քննարկվել են նաև առաջիկա միջոցառումները, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովը և ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17), որը տեղի կունենա այս աշնանը Հայաստանում։ Դեսպանը ներկայացրեց այս միջոցառումների նախապատրաստական աշխատանքները, որոնք ունեն մեծ միջազգային նշանակություն։
Փոխվարչապետ Հաձիդակիսը բարձր գնահատեց երկկողմ կապերի զարգացման հեռանկարները՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների մակարդակի հետագա բարձրացման անհրաժեշտությունը և հայտնելով իր պատրաստակամությունը աջակցելու այս գործընթացի առաջխաղացմանը։ Նա նաև հետաքրքրություն հայտնեց Հայաստան այցելելու և տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները ուսումնասիրելու հարցում։