
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր, որով ՀՀ կառավարությունը Firebird AI ընկերությունից 5 տարի ժամկետով ձեռք կբերի 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ: Այդ մասին հաղորդել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ Facebook-ի իր էջումէ:
«Հիշեցնեմ, որ այս ծրագիրը գալիս է աջակցելու արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, ուսումնական հաստատություններին և անհատ մասնագետներին՝ ապահովելով բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ արհեստական բանականության համակարգերի նախագծման, ուսուցման և տեղակայման համար։ Դե ինչ, շնորհավորում եմ բոլորիս տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում պետություն-մասնավոր ձևաչափով հերթական ռազմավարական ներդրումն անելու կապակցությամբ», - գրել է նաախարարը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի և Հայաստանի կառավարությունները Վաշինգտոնում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր ՝ արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական երկկողմ գործընկերության վերաբերյալ ։ Firebird նախաձեռնությունն արտացոլում է երկու երկրների ընդհանուր հանձնառությունը նորարարության զարգացմանը, տնտեսական կայունության ամրապնդմանը և տեխնոլոգիական առաջընթացի խթանմանը: Անցյալ տարեվերջին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հաղորդել էր, որ արհեստական բանականության (ԱԲ) ամպային և ենթակառուցվածքային տեխնոլոգիաներով զբաղվող ամերիկյան Firebird ընկերությունը ԱՄՆ կառավարությունից ստացել է արտահանման լիցենզիա և հայտարարել է Հայաստանում 500 մլն դոլարի առաջին ներդրումների մասին։
Firebird AI Factory կենտրոնը կլինի տարածաշրջանում ամենահզոր հաշվողական կենտրոնը և արհեստական բանականության տվյալների մշակման կենտրոնը: Այն հնարավորություն կտա գիտահետազոտական հաստատություններին, տեխնոլոգիական ընկերություններին և ձեռնարկություններին մեծ մասշտաբներով ներդնել արհեստական բանականության առաջատար տեխնոլոգիաները ՝ Հայաստանը դիրքավորելով որպես վերընթաց ուժ գլոբալ տեխնոլոգիական լանդշաֆտում և հաջորդ սերնդի նորարարության կարևորագույն կենտրոն: