Երեքշաբթի, 23 Հունիսի 2026 11:48
Ալինա Հովհաննիսյան

CAFSEP ծրագրով Տավուշում և Շիրակում նախատեսվում է ստեղծել գյուղատնտեսական լոգիստիկ կենտրոններ

CAFSEP ծրագրով Տավուշում և Շիրակում նախատեսվում է ստեղծել գյուղատնտեսական լոգիստիկ կենտրոններ

Արմինֆո. Կլիմայի փոփոխությանը հարմարվողականությամբ պարենային անվտանգության բարելավման ծրագրի (CAFSEP - Climate-Adaptive Food Security Enhancement Project) պատվիրակությունն այցելել է Տավուշի և Շիրակի բնակավայրեր՝ գյուղատնտեսական լոգիստիկ կենտրոնների ստեղծման նպատակով պոտենցիալ հարթակներն ուսումնասիրելու համար։

Այս ծրագիրն իրականացվում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ։

Ինչպես ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, ուսումնասիրվել են օբյեկտների հասանելիության, ենթակառուցվածքների վիճակի, գյուղատնտեսական արժեշղթաների և իրացման շուկաների հետ դրանց կապի հարցերը, ինչպես նաև իրականացվել է բնապահպանական և սոցիալական գործոնների նախնական գնահատում։

Ակնկալվում է, որ ծրագրի իրականացումը կնպաստի նաև բերքահավաքից հետո կորուստների կրճատմանը, իրացման շուկաների հասանելիության մեծացմանը, ինչպես նաև տեղական համայնքների կլիմայական և տնտեսական դիմակայունության ամրապնդմանը։

Ըստ աղբյուրի՝ ծրագրի շրջանակներում նախատեսվում է շահառու տնային տնտեսություններին տրամադրել աջակցության փաթեթներ, այդ թվում՝ տնկիներ։

Նշենք, որ պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ԱԶԲ առաքելության ներկայացուցիչները, ծրագրի իրականացման թիմը, ինչպես նաև խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների կոնսորցիումի ներկայացուցիչները։

Ծրագիրն իրականացվում է մինչև 2026 թվականի վերջը՝ ԱԶԲ-ի միջոցով Ճապոնիայի՝ Բարգավաճ և դիմակայուն Ասիայի ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հիմնադրամի (JFPR) կողմից տրամադրված 3 միլիոն դոլարի չափով դրամաշնորհի հաշվին։

Դրա հիմնական նպատակն է՝ բարձրացնել գյուղական տնային տնտեսությունների դիմակայունությունը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ, ամրապնդել պարենային անվտանգությունը, ներդնել կլիմայակայուն գյուղատնտեսական գործելակերպեր և զարգացնել գյուղական ենթակառուցվածքները։

Ասիական զարգացման բանկի տվյալներով՝ ծրագիրը կընդգրկի 10 գյուղական համայնք և հարյուրավոր ֆերմերային տնտեսություններ, որոնց կտրամադրվեն աջակցության տարբեր միջոցներ։