Հինգշաբթի, 25 Հունիսի 2026 13:23
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Եվրասիական տնտեսական միության հարցով քննարկումների մեկնարկի մասին

Հայաստանի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Եվրասիական տնտեսական միության հարցով քննարկումների մեկնարկի մասին

Արմինֆո.Հայաստանի կառավարության հունիսի 25-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ քննարկումների մեկնարկի մասին։

Նշենք, որ հայաստանյան գյուղարտադրողների արտադրանքը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, սակայն վերջին շրջանում «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակումներ է մտցնում Հայաստանից բուսական ծագման որոշ արտադրատեսակների արտահանման նկատմամբ։ Արդյունքում, պտղաբուծական և այգեգործական արտադրանք արտահանող գործարարները զգալի ֆինանսական կորուստներ են կրում և լրացուցիչ պետական աջակցության կարիք ունեն։

Նիկոլ Փաշինյանն այս կապակցությամբ կոչ է արել ավելի ակտիվորեն աջակցել արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացման տեմպերին։ Այդուհանդերձ, ինչպես վստահեցրել է կառավարության ղեկավարը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աշխատանքն ակտիվորեն շարունակվելու է։ «Վստահ եմ, որ լուծումներ կլինեն, քանի որ հակառակ դեպքում հարցեր կառաջանան հենց ԵԱՏՄ-ի առջև, որի գործունեությունը հիմնված է չորս հիմնարար սկզբունքների վրա՝ կապիտալի, մարդկանց, ֆինանսների և ծառայությունների ազատ տեղաշարժ։ Եթե այս սկզբունքները չկան, դա նշանակում է, որ չկա նաև Եվրասիական տնտեսական միություն։ Այդ դեպքում կառույցն ինքը պետք է պատասխանի այն հարցին՝ ինքը կա՞, թե՞ ոչ։ Մենք ասում ենք, որ այն կա՝ տեղի ունեցածը համարելով թյուրիմացություն, թեև տպավորություն է ստեղծվում, որ այն չկա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելել է, որ ԵԱՏՄ մի շարք պետություններ նույնպես գնում են դիվերսիֆիկացման ճանապարհով, թեև հրապարակայնորեն այդ մասին չեն հայտարարում։ Վարչապետը նշել է, որ Միության շրջանակներում իսկապես կան հարցեր, որոնց շուրջ պետք է սկսել քննարկումներ։

Իր հերթին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նկատել է, որ հայաստանյան գյուղարտադրողների արտադրանքը մեծ հետաքրքրություն է առաջացրել բազմաթիվ պետությունների կողմից։ Նա, մասնավորապես, մատնանշել է Եվրոպական միության, Կենտրոնական Ասիայի և արաբական երկրների շուկաները։ Նաև ԱԳՆ ղեկավարը կարևորել է Հայաստանի անմիջական հարևանների, օրինակ՝ Թուրքիայի շուկաների յուրացումը՝ չնայած նրա հետ որոշակի խնդիրների առկայությանը։ Մի շարք դեպքերում, շարունակել է Միրզոյանը, փորձնական կարգով մատնակարարումներն արդեն իրականացվում են, իսկ մյուսներում իրավիճակը կպարզվի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։ Ճիշտ է, ինչպես նկատել է նախարարը, մի շարք ուղղություններով գլխավոր խնդիրը շարունակում է մնալ լոգիստիկ բաղադրիչը։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ չնայած խնդիրների առկայությանը, իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից և չի վերածվել լուրջ ճգնաժամի։ Ավելին, մեծ հնարավորություններ են հայտնվել արտահանման մատակարարումների դիվերսիֆիկացման ուղղությամբ։