Ուրբաթ, 26 Հունիսի 2026 17:04
Ալինա Հովհաննիսյան

Հաագայում քննարկել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարները

Հաագայում քննարկել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարները

Արմինֆո.  Նիդերլանդներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ կլոր-սեղան քննարկմանը, որը կազմակերպվել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից:

 

Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, քննարկմանը ներկա էին Նիդերլանդների ԱԳ և գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչներ, հայկական և նիդերլանդական ծաղիկ արտադրող, լոգիստիկ և բրոկերային    ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև նիդերլանդական «Royal Flora Holland» ծաղիկների աճուրդի ներկայացուցիչներ։  

 

Քննարկման մասնակիցները կարևորել են երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ձևավորումը, ինչպես նաև հնարավորինս մեծ թվով ջերմոցային տնտեսությունների ներգրավումը արտահանման գործընթացներում։ Անդրադարձ է կատարվել ոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերին և կառավարության կողմից տրամադրվող օժանդակության հնարավորություններին։

 

Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը այցելել են նաև «Royal Flora Holland»-ի գլխամաս և Նիդերլանդների երկու խոշոր ծաղիկ արտադրող ընկերություններ՝ տեղում աճուրդի ընթացակարգերին ծանոթանալու և Հայաստանի ընկերությունների հետ համագործակցությունը ընդլայնելու հնարավորությունները քննարկելու նպատակով։

 

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին ծաղիկների և դեկորատիվ բույսերի վաճառքի աշխարհի խոշորագույն կոոպերատիվ առևտրային հարթակը ՝ Royal FloraHolland-ը, հայտարարել էր, որ իր շուկան բացում է հայկական ծաղիկների համար:

 

Կազմակերպությունը միավորում է հազարավոր արտադրողների և ամեն օր ապահովում է միլիոնավոր ծաղիկների և բույսերի առևտուր աճուրդային համակարգի և թվային հարթակի միջոցով ՝ մատակարարներին կապելով Եվրոպայի և աշխարհի այլ տարածաշրջանների գնորդների հետ:

 

Հիշեցնենք, որ "Ռոսսելխոզնադզորը" 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծաղկի արտադրանքի ներմուծման նկատմամբ՝ մինչև ջերմոցային տնտեսությունների տեսչության և դրա արդյունքների վերլուծության ավարտը։

 

Նշենք, որ Հայաստանն ավանդաբար ծաղիկներ է արտահանել ԵԱՏՄ և ԱՄԷ շուկա։ 2025 թվականի արդյունքներով ծաղիկների արտահանումը կազմել է 1320 տոննա կամ 78 մլն ծաղիկ։