Ուրբաթ, 26 Հունիսի 2026 17:17
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են տնտեսական կայունության ամրապնդումն ու նոր շուկաների որոնումը

Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են տնտեսական կայունության ամրապնդումն ու նոր շուկաների որոնումը

Արմինֆո.  Փոխկապակցվածության օրակարգի հարթակի գործարկմանը նվիրված միջոցառման շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Քոփմանի հետ:

 

Կողմերը քննարկել են տնտեսական և տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված համաձայնեցված նախագծերը, ինչպես նաև այդ ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության համագործակցությանը վերաբերող այլ հարցեր: Այս համատեքստում կարևորվել է Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի շրջանակներում ստորագրված Հայաստան-ԵՄ փոխկապակցվածության բնագառում գործընկերության մասին համատեղ հռչակագիրը։

 

Հայկական կողմը տեղեկատվություն է ներկայացրել հայկական ծագում ունեցող ապրանքների նկատմամբ տնտեսական սահմանափակումների կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Միաժամանակ, կարևորվել է Եվրոպական միության և նրա անդամ պետությունների կողմից ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաև նախանշվել են այդ ուղղությամբ հետագա քայլերը:

 

Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը Հայաստանի տնտեսական կայունության ամրապնդման և հայկական արտադրանքի սպառման նոր շուկաների որոնման ուղղությամբ:

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի լիազոր մարմինները՝ "Ռոսպոտրեբնադզորը" և "Ռոսսելխոզնադզորը", սահմանափակումներ են կիրառում Հայաստանից ԵԱՏՄ երկրների շուկաների ուղղությամբ գյուղատնտեսական արտադրանքի և ծաղիկների արտահանման նկատմամբ: Պատճառը, ինչպես ասվում էր գերատեսչությունների պաշտոնական հաղորդագրություններում, հայտնաբերված խախտումներն են։ Ընդ որում, թարմ գյուղմթերքի շուրջ 90 տոկոսը Հայաստանն ավանդաբար արտահանել է ռուսական շուկա։

 

Հայ արտադրողների համար ստեղծված իրավիճակի և դժվարությունների պատճառով երկրի կառավարությունը մշակել է դեպի եվրոպական շուկաներ արտահանմանն աջակցության մի քանի ծրագրեր, ներառյալ տրանսպորտային ծախսերի և մաքսատուրքերի փոխհատուցումը:

 

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի և ԵՄ միջև առևտրաշրջանառությունը 2026 թվականի հունվար-ապրիլին աճել է 45,2% - ով՝ կազմելով 1,058 մլրդ դոլար: Ընդ որում, արտահանումն աճել է 97,3% - ով ՝ մինչև 355,7 մլն դոլար, ներմուծման 28% աճի ֆոնին ՝ մինչև 702,9 մլն դոլար։