Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026 16:39
Ալինա Հովհաննիսյան

Փաշինյանը չի բացառել կոնցեսիոն պայմանագրի լուծման հարցով Արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը

Փաշինյանը չի բացառել կոնցեսիոն պայմանագրի լուծման հարցով Արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը

Արմինֆո. Երկաթուղու կոնցեսիայի հարցը ՌԴ նախագահի հետ չի քննարկվել, սակայն մեր դիրքորոշումը մնում է նույնը․ դա մեր սեփականությունն է, և Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորություն ունենա այն օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում։ Այդ մասին հուլիսի 30-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Նշելով, որ այժմ ընդդիմությունն ակտիվորեն տեղեկատվություն է տարածում Հայաստանում թանկացումների մասին, վարչապետը չի բացառել, որ այն, ինչ 30 տարի շարունակ մեր երկրում անվճար է եղել, դառնա վճարովի: Մասնավորապես,  նրա ասելով, Հայաստանի Հանրապետությունը կարող է տարեկան 2 մլրդ դոլար խնդրել վարձակալության դիմաց։ Հարցին, թե արդյոք ակնարկն առնչվում է երկաթուղուն, կառավարության ղեկավարը պատասխանել է, որ իր խոսքում ակնարկ չկա, քանի որ հստակ ասում է․ երկաթուղին Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, և այլ տարբերակներ այստեղ լինել չեն կարող:

 

"Ամեն դեպքում, մենք ցանկանում ենք բարեկամաբար լուծել այդ հարցը, բայց դե-յուրե կարող են հարցեր առաջանալ, և եթե համաձայնություն ձեռք չբերվի, կգնանք արբիտրաժային դատարան և կքննարկենք", - ասել է վարչապետը:

 

Հիշեցնենք, որ "ՀԿԵ" ՓԲԸ-ն "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն է: 2008 թվականի փետրվարի 13-ին Երևանում "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է կոնցեսիոն պայմանագիր՝ Հանրապետության երկաթուղային տրանսպորտի համակարգը "ՀԿԵ" ՓԲԸ հավատարմագրային կառավարմանը հանձնելու մասին:

 

Պայմանագրի համաձայն, կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է ՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ աշխատանքի առաջին քսան տարուց հետո ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։ "ՀԿԵ" ՓԲԸ խնդիրների մեջ են մտնում ՀՀ երկաթուղու ենթակառուցվածքի արդիականացումը, Հայաստանին սահմանակից պետությունների հետ համագործակցության զարգացումը, ներհանրապետական և միջազգային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացումը: Ընկերության կողմից իրականացվող ներդրումների չափը կազմում է 572 մլն դոլար: "ՀԿԵ" ՓԲԸ-ն իր գործունեությունը սկսել է 2008թ. հունիսի 1-ից:

 

Հիշեցնենք, որ ս. թ. մարտի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդել էր, որ Երևանը դեմ չէ հանրապետության երկաթուղիների կառավարման կոնցեսիայի փոխանցմանը ղազախական ընկերությանը, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ: Դեռևս այս տարվա փետրվարին Փաշինյանը սկսել էր բարձրացնել ռուսական կոնցեսիան երրորդ բարեկամ կողմին հանձնելու անհրաժեշտության հարցը ։ Որպես տարբերակ՝ նա նշել էր Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը ։ Նա դա պատճառաբանել էր այն հանգամանքով, թե, իբր, Երևանը կորցնում է իր մրցակցային առավելությունները, և երկաթուղու հարցը պետք է լուծել Ռուսաստանի հետ "բարեկամության, եղբայրության տրամաբանությամբ"։